Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս տարիների ընթացքում եղել և մնում է իշխանության առանցքային բևեռներից մեկը և իր թիմի անբաժան անդամը: Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնեց շատ բարդ ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհը գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ և ի շնորհիվ իր կառավարության կիրառած ճիշտ ռազմավարության կարողացավ մեր տնտեսությունը զերծ պահել լուրջ ցնցումներից և նույնիսկ դրական ցուցանիշներ արձանագրել:
Հաջորդ առանցքային քայլը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կառավարության արագ մոբիլիզացումն էր, որի արդյունքում աշխատելով 24 ժամյա գրաֆիկով կառավարությանը հաջողվեց չեզոքացնել պատերազմի հետևանքով առաջացած արտահանման և ներկրման ծավալների էական կրճատման վտանգը, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական և հոգեբանական օգնություն ցուցաբերել մարտերի ընթացքում զոհված և վիրավորված մեր հերոսների ընտանիքներին:
Հովիկ Աբրահամյանի և նրա կաբինետի գործունեության առանցքային հաջորդ քայլը ԵԱՏՄ-ին մեր տնտեսության ինտեգրման արդյունավետ և անկորուստ գործընթացի սկսումն էր: Այս տարվա կարևորագույն և աննախադեպ իրադարձություններից էին նաև երկրի նախագահի և վարչապետի անմիջական նախաձեռնությամբ «Նաիրիտ»-ի և «Վանաձոր» քիմպրոմի աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկների ամբողջական մարումը, ինչպես նաև խաղողի և լոլիկի մթերման գործընթացի խիստ վերահսկումը կառավարության կողմից:
Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ արդեն հրաժարական տվել է բարձր պաշտոնից այդ քայլով ցույց տալով բոլորին, որ պաշտոնը իր համար ոչ թե գերագույն նպատակ է, այլ ընդամենը միջոց իր հայրենիքին, իր ժողովրդին և իր կուսակցությանը անմնացորդ ծառայելու և իր բոլոր հայրենանպաստ և ազգօգուտ որոշումները կյանքի կոչելու համար:
Մեր պաշտոնյաններից շատերը, երբ ազատվում են իրենց պաշտոններից, կամ լքում են երկիրը, կամ վերածվում են «թունդ» ընդդիմադիրի, սակայն այդ կարծրատիպը կոտրեց Հովիկ Աբրահամյանը, երբ հրաժարվելով ԱԺ նախագահի պաշտոնից, որպես հասարակ պատգամավոր արդեն դահլիճից մասնակցեց ԱԺ գումարման նիստերին, նման համեստ պահվածքը ցայտուն կերպով բացահայտեց Հովիկ Աբրահամյանի մարդկային բարձր որակները և պետական գործչի լիարժեքորեն ձևավորված արժեհամակարգը:
Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը և նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ պետական մտածողություն ունեցող և բազմափորձ քաղաքական գործիչներ են, ովքեր մշտապես հայրենիքի և սեփական ժողովրդի շահը վեր են դասել իրենց անձնական ամբիցիաներից և սեփական բարեկեցությունից:
Երկրի նախագահն ու վարչապետը միևնույն թիմի անդամներ են ու որևէ քաղաքական կամ անձնական հակասություն նրանց միջև չի կարող լինել, իսկ իրականում քանի որ Հովիկ Աբրահամյանի համար դյուրին չէր լինի իր բազմազբաղ և ծանրաբեռնված աշխատանքային առօրյան համատեղել ոչ պակաս կարևոր՝ կուսակցության նախընտրական շտաբի ձևավորման ու ղեկավարման բարդ և պատասխանատու աշխատանքի հետ, ուստի թիմային քննարկումների արդյունքում քաղաքական որոշում է կայացվել, որի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հրաժարվելով վարչապետի պաշտոնից, հնարավորություն կունենա ավելի ակտիվ և արդյունավետ կազմակերպել նախընտրական շտաբի աշխատանքները, իսկ ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ին հաջողվի կրկին կազմել խորհրդարանական մեծամասնություն և ձևավորել կառավարություն, ապա վստահ եմ, որ Հովիկ Աբրահամյանը կրկին որևէ պաշտոնում հնարավորություն կունենա բարեհաջող շարունակել իր հայրենաշեն և ազգանպաստ ծրագրերի իրականացումը:
Այս նյութը դիտել են - 3932 անգամ