Ինչպես որ կարմիր կովն իր կաշին չի փոխի, այնպես էլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թերևս երբեք չդավաճանի իր էությանը: Ընդ որում, այդ էության ամենաբնորոշ հատկանիշները, որպես կանոն, նա սկսում է առավելագույնս դրսևորել նախընտրական շրջանում: Եվ հիմա, երբ երկրում պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին, Լիսկայի հոգսերը բազմապատկվել են:
Բուն խնդիրն է ահաբեկել անցանկալի թեկնածուներին և թևութիկունք դառնալ նրա համար, ով իր բանակից է: Այդ պատճառով էլ զարմանալի չէր, երբ տեղեկություն տարածվեց, որ նա օրեր առաջ իր մոտ է հրավիրել Գորիսին միացված Վերինշեն բնակավայրից առաջադրված ավագանու թեկնածուներից չորս հոգու և պահանջել, որ նրանք ինքնաբացարկ ներկայացնեն:
Թե ինչու մարդիկ պիտի հլու-հնազանդ ենթարկվեն մարզպետի կամայական հրահանգներին, Լիսկան դրա համար առանձնապես բացատրություն չունի: Կարիքը չի զգացվել: Նա սովոր է, որ Սյունիքում բոլորը կուրորեն ենթարկվեն իրեն: Ու հավանաբար շատ է զարմացել, երբ ԲՀԿ-ական թեկնածուները որոշել են չպարել իր դուդուկի տակ:
Մասնավորապես, թեկնածուներից մեկը եղել է ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանը, ով հրաժարվել է մարզպետի հրահանգը կատարել: Այս առնչությամբ ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը նախ հաստատել է ճնշումների փաստը, իսկ հետո ասել է. «Երբ ինչ-որ մեկը փորձում է քիթը մտցնել, խառնվել մեր ընտանիքի գործերին, ապա նրա կողմից դա լկտիության և անաբարոյականության դրսևորում է: Եթե որևէ մեկը մեր ներկայացրած թեկնածուներից ընտրապայքարից դուրս գա, դա կլինի բացառապես մեր կուսակցության որոշմամբ»:
Հիմա Սուրիկ Խաչատրյանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած: Նա պիտի վերահաստատի, որ իր կամքը մարզում գերակա է: ԲՀԿ-ն էլ իր հերթին պիտի ապացուցի, որ չի պատրաստվում հնազանդվել նրան: Մրցույթի մեկնարկը տրված է: Մոտ ժամանակներս պարզ կլինի, թե ով հաղթեց:
Այս նյութը դիտել են - 6187 անգամ