Շուշան Պետրոսյանի ունեցվածքի իրական ծավալները քողարկելու հարցում նրան կարող է մեծապես աջակցել հարազատ ամուսինը
2016-09-07 14:34:00
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել նախորդ տարվա ունեցվածքի հայտարարագիրը: Հայտարարագրի ներկայացումը, ըստ օրենքի, պարտադիր պայման է, և այս տեսանկյունից երգչուհին արդեն իսկ օրինազանց է: Սակայն պարզվում է, որ սա առաջին դեպքը չէ: Օրինակ, 2014 թվականին նա դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել, բայց այս փաստը որևէ մեկին չի մտահոգել: Ու հավանաբար, հենց դրանից էլ ոգևորված՝ Շուշանը մտածել է, որ օրենքն այլևս իր համար չէ, կարելի է այսուհետ ոչ մեկին ոչինչի մասին հաշվետու չլինել: Հիմա նա հրաժարվել է հայտարարագրել նաև տարվա ընթացքում վաստակած գումարները: Անգամ աշխատավարձից ստացված միջոցների մասին խոսք չկա հայտարարագրում: Հայտնի է ընդամենը (այն էլ 2012 թվականի թղթերից), որ ունի երկու բնակարան և մեկ PORSCHE CAYENNE մակնիշի մեքենա:
Ի դեպ, Շուշան Պետրոսյանի ունեցվածքի իրական ծավալները քողարկելու հարցում նրան կարող է մեծապես աջակցել հարազատ ամուսինը: Վերջինս ՊԵԿ-ում զբաղեցնում է նախաբացթողումային հսկողության վարչության առաջին բաժնի պետի պաշտոնը, իսկ դա, ինչպես ասում են, լավագույն կողպեքն է ցանկալի դռները ամուր փակի տակ պահելու համար:
Եվ այնուամենայնիվ, ցանկություն կա հասկանալու, թե ինչո՞ւ է երգչուհին խուսափում իր ունեցվածքը բացահայտելուց: Մեր երկրում բոլորը գիտեն, որ սովորաբար սեփական հարստությունն ու միլիոնները քողարկում են օլիգարխները, բարձրաստիճան պաշտոնյաները, գործարար աշխարհի ներկայացուցիչները: Մի մասը դա անում է հարկերից խուսափելու համար, մյուսները պետությունից գողացածն են պահում: Հիմա Շուշան Պետրոսյանն այս երկուսից ո՞ր մեկն է՝ գո՞ղը, թե՞ օրինախախտ հարկատուն:
shame.am
Այս նյութը դիտել են - 2943 անգամ