ԵԿՄ վարչության փոխնախագահների արձագանքը՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի անպատասխանատու հայտարարություններին
2016-09-08 01:27:00
ԵԿՄ վարչության փոխնախագահներն արձագանքում են Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի` Զնդոյի անպատասխանատու հայտարարություններին, թե իբր ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը չի մասնակցել Արցախյան հերոսամարտին: 
 Ղուկաս Ուլիխանյան. - Եթե ինչ-որ մեկն իրեն թույլ է տալիս քննադատել ողջ կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած մարդուն, Արցախի հերոսին, ինքը պետք է գոնե մի բան արած լինի: Այնինչ խոսում են անարժաններ, որ իրենց գոյության փաստով իսկ պարտք ու պարտական են Զորավարին: Հերոսի հասցեին բամբասե՞լ , այն էլ պատերազմող երկրում: Սա անթույլատրելի է, սա նշանակում է ջուր լցնել թշնամու ջրաղացին: Քիչ թե շատ հասկացող մարդը կըմբռնի, կգնահատի, որ սա վարկաբեկիչ է պետության համար, սա վնասարարություն է: Պատմությունը դրանց չի ների:
Արա Կետիկյան. - Զորավար Մանվել Գրիգորյանը երկիր պաշտպանած, հող ազատագրած եւ ի վերջո` հայ ժողովրդի նորագույն պատմությունը կերտած անձնավորություն է, հզոր մի անհատականություն: Մեզ համար մեծ պատիվ է, ճակատագրի ընձեռած շնորհ, որ կարողանում ենք շփվել Զորավարի հետ, լինել նրա կողքին, սովորել իրենից: Հպարտություն է մեզ համար, որ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ ճանապարհ ենք անցնում: Այս տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ նույնպես Զորավարը բարձրության վրա էր: Նրա կոչով հազարավոր երկրապահներ իր հետ հայտնվեցին առաջնագծում եւ բեկեցին պատերազմի ընթացքը: Մանվել Գրիգորյանն այդ կերպ եւս անգամ ապացուցեց, որ ինքը ժողովրդական զորավար է: Ուստի Զորավարի հասցեին վայրահաչողները վիրավորում են ե՛ւ Երկրապահին, ե՛ւ բանակին, ե՛ւ ողջ հայ ազգին: Իսկ ո՞վ կարող է վիրավորել հայ ազգին: Պատասխանը պարզունակ է` թուրքը, ադրբեջանցին: 
Խաչիկ Մկրտչյան. - Զորավար Մանվել Գրիգորյանի գնահատականը Սպարապետ Վազգեն Սարգսյանն է տվել: Հենց Սպարապետն է ասում, որ Մանվել Գրիգորյանը պետք է ողջերից առաջինը լինի, որ ստանա ՀՀ ազգային հերոսի կոչում: Զորավար Մանվել Գրիգորյանի գնահատականը հայ ազգն է տվել` կնքելով նրան հողահավաք Զորավար: Արցախի ժողովուրդն ու իշխանությունն են տվել Զորավարի գնահատականը` համաժողովրդական սեր եւ Արցախի հերոսի կոչում ու «Ոսկե արծիվ» շքանշան: 1989-94-ի պատերազմում Մանվել Գրիգորյանը ամենաշատ տարածքներն է պաշտպանել եւ ազատագրել, այս տարվա ապրիլյան պատերազմում Մանվել Գրիգորյանը վճռական մասնակցություն է ունեցել` հաշված ժամերի ընթացքում, 5 000 կամավորականով հասավ առաջնագիծ եւ փակեց բոլոր բացերը` կանգնելով հյուսիսից հարավ ամբողջ Արցախի սահմանի երկայնքով: Այնպես որ` փոքրիկ մարդուկները, խեղճուկրակ դատարկ արարածները չեն կարող ստվերել Զորավարի փառքն ու համբավը:
shamshyan.com
Այս նյութը դիտել են - 1218 անգամ