Կառավարության փոփոխության փաստն ահուդողի մեջ է գցել Դաշնակցությանը՝ երկու պատճառով: Նախ՝ դաշնակները մտահոգված են, որ ընդհանուր իրարանցման մեջ կարող են կորցնել իրենց թանկագին պորտֆելները, և հետո՝ նրանց լուրջ մտահոգել է այն հանգամանքը, որ նախագահն այդ քայլին գնացել է՝ առանց իրենց հետ խորհրդակցելու, մինչդեռ դա այն գլխավոր հարցերից մեկն էր, որ կոալիցիոն գործընկերները պետք է նախապես միմյանց տեղեկացնեին:
Ստացվել է այնպես, որ չեն տեղեկացրել: Իսկ սա կնշանակի, որ կամ ՀՅԴ-ին բանի տեղ չեն դնում, կամ էլ ամենևին չեն համարում գործընկեր:
Մյուս կողմից էլ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հեռանկարը նույնպես անորոշության դուռ է բացել դաշնակների համար: Ի՞նչ բան է դա, ինչպե՞ս է դա լինելու:
Օրինակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հույսեր է փայփայում, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեծ մասն այդ կառավարությունում կունենա ներկայացուցիչ:
Եվ հենց այստեղ էլ վրա է հասնում ամենամեծ խոչընդոտը:
Իսկ ՀՅԴ-ն կհամագործակցի՞ ՀԱԿ-ի հետ: Բանն այն է, որ տարբեր առիթներով դաշնակցականները հայտարարել են, թե պատրաստ են գործ ունենալ ցանկացած քաղաքական ուժի հետ՝ բացառությամբ ՀԱԿ-ի:
Դա նրանց հիշեցնում է հին վիրավորանքը և Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ժամանակին Դաշնակցությունն արգելեց, իսկ անդամներին լցրեց բանտերը:
Սակայն հիմա, արի ու տես, որ ՀՅԴ-ն կտրուկ փոխել է վերաբերմունքը: Հիմա Ռուստամյանն արդեն ասում է. «Անձամբ Դաշնակցությունը խնդիր չունի ՀԱԿ-ի հետ աշխատել նույն կառավարությունում»:
Ուրեմն հին «երբեք»-ը ջնջված է, նոր ժամանակներ են գալիս: Այսօրվա Դաշնակցության տրամադրությունը հստակ է. եթե կառավարության մեջ է՝ կհամագործակցի, իսկ եթե կառավարությունից դուրս է՝ ոչ մի համագործակցություն, քանի որ դրսում շահ չկա, իսկ ներսում ՀՅԴ-ն սատանայի հետ էլ դաշինքի կգնա: