Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն մի առավոտ արթնացավ ու հանկարծ հայտնաբերեց, որ ինքն իր կամքից անկախ դարձել է մեծ բարեգործ: Ու քանի որ փաստն ակնառում էր, հենց նույն օրն էլ առանց երկար-բարակ մտածելու հանդես եկավ առաջարկությամբ: Նա հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցող 10 կուսակցություններին առաջարկեց հավաքել 500 հազարական դրամ և գյումրեցի անապահով ընտանիքներից մեկին ապահովել բնակարանով: Իբրև գործի նախաձեռնող, հենց նույն պահին էլ Սամվել Բալասանյանի հիմնադրամն արդեն ստեղծված հաշվեհամարին փոխանցեց 500 հազար դրամ: Փոխանցեց ու սկսեց սպասել: Սակայն ուրիշ ոչ ոք չմիացավ նրա հայրենանվեր գործին:
Այդ լռությունից ամենաքիչը զարմացավ Բալասանյանը, որովհետև զարմանքի պատճառ չուներ:
Նրա հաշվարկը որքան պարզունակ էր, նույնքան էլ էժանագին:
Ի սկզբանե իմանալով, որ ոչ ոք իրեն չէր միանալու, նա հիմա կարող է հայտարարել, թե միայն ինքն է իրապես մտածում գյումրեցու հոգսերի մասին, իսկ մյուսները ընդամենը ճառ ասոողներ են, որովհետև երբ եկավ խոսքերը գործով ապացուցելու պահը, բոլորը միանգամից մի կողմ քաշվեցին: Կարծես թե վատ նախընտրական տրյուկ չէր, եթե, իհարկե, Գյումրին չճանաչեր Բալասանյանին և ընկներ նրա նետած ցանցը:
Այդքան տարիներ քաղաքը ղեկավարած մարդը հանկարծ հիմա՝ վերջին պահին հիշել էր, որ անապահովներ կան ու պետք է նրանց օգնել: Հիշել էր՝ իր շահից ելնելով, այլ ոչ թե անապահովների:
Հիշել էր մյուսների հետ մրցակցելու, նրանցից առաջ անցնելու, նրանց վարկաբեկելու նպատակով: Բայց հայտնվեց խայտառակ վիճակում: Ու քանի որ այդ միայնությունն իսկապես անհարմար էր և ծիծաղելի, Բալասանյանը մի վերջին փորձ էլ արեց՝ իրեն փրկելու համար: Տեղեկացվեց, թե կապ են հաստատել նաև «Գյումրեցու ոգի» կուսակցության հետ, որի անդամները ևս պատրաստակամություն են հայտնել միանալ առաջարկին: Բայց սա արդեն կրկնակի զավեշտ էր: Գյումրիում բոլորը հրաշալի գիտեն, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ևս կապվում է Սամվել Բալասանյանի անվան հետ, և որքան էլ նրանք փորձեն դա հերքել, միևնույն է, կուսակցությունը ֆինանսավորվում է քաղաքապետի կողմից: Այնպես որ, Սամվել Բալասանյանի հերթական «կռուտիտը» անհաջողությամբ պսակվեց: Իսկ սա լավ նշան չէ ընտրություններից առաջ:
Այս նյութը դիտել են - 3631 անգամ