Կարապետյանը կներկայացնի երկրի զարգացման ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից
2016-09-08 12:49:00

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ու նիստին ներկա գործընկերներին վստահության համար և նշել, որ իր պաշտոնավարման անցած երկու տարիների ընթացքում, երբ իրեն վստահվեց կառավարության ղեկավարի պաշտոնը, թիմի հետ միասին փորձեց ամեն ինչ անել, որպեսզի հաղթահարվեն ներքին և արտաքին մարտահրավերները, որի մասին մանրամասն խոսել է նաև կառավարության այսօրվա նիստում:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածուին՝ Կարեն Կարապետյանին, մաղթել հաջողություններ:

Նա նշել է, որ Կարեն Կարապետյանը, ում շատ լավ է ճանաչում և վստահ է նրա փորձի, ունակությունների ու գիտելիքների վրա, կշարունակի կառավարության գործունեությունը՝ ամեն ինչ անելով, որպեսզի մեր երկիրը գնա առաջ, տնտեսությունը զարգանա, և ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով: Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել Հանրապետականի իր գործընկերներին, ամբողջ թիմին՝ հանձինս Հանրապետության նախագահի: Շնորհակալություն է հայտնել նաև խորհրդարանին՝ այն աջակցության համար, որ իր գլխավորած կառավարությունն անցած երկու տարիների ընթացքում ստացել է խորհրդարանում:

ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Կարապետյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներին՝ վստահության համար:

Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: Կարեն Կարապետյանը նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրա աշխատանքի համար:

ՀՀ վարչապետի թեկնածուն նշել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի երկրի հեռանկարային զարգացման տեսլականը: Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները և տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ղեկավարներին ու բոլոր նրանց, ում թեման հետաքրքիր է՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու այդ ամենը:

Ելույթի ավարտին Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել ազնիվ, լիարժեք աշխատանք:

azatutyun.am

Այս նյութը դիտել են - 2492 անգամ