Նոր վարչապետը չի կարող լինել նախկին Կարեն Կարապետյանը 2016-09-08 13:38:00
Նոր վարչապետը չի կարող լինել նախկին Կարեն Կարապետյանը
Նոր վարչապետը պարտավոր է լինել նոր Կարեն Կարապետյան:
Սեպտեմբերի 8-ին , ՀՀ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց և արդեն պաշտոնապես հայտնի է , որ նոր վարչապետ է լինելու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Երկրում տնտեսական և համայնավարական իրավիճակն այնպիսին է, որ նոր կառավարության աշխատանքը պետք է գնահատել ոչ թե 100 օրվա ընթացքի ավարտին , այլ ՝40, ինչպես ժողովուրդն է ասում:
Բանն այն է, որ նախորդ վարչապետի օրոք տնտեսության բոլոր ոլորտներում անկում կար, բացի՝ արտաքին պարտքից: 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ի ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 մլրդ դոլարով:
Այսինքն , տարեկան շուրջ 500 մլն դոլար գնացել է ՛՛անհայտ՛՛ ուղղությամբ: Օգտագործում ենք ՛՛անհայտ ուղղություն՛՛ հասկացությունը, քանի որ Հայաստանի նման փոքր երկրում տարեկան 500 մլն դոլար ՛՛ներարկումը՛՛ երկրի անգամ վերջին աստիճանի կախվածություն ունեցող բոլոր թմրամոլներին ետ կբերեր, ուր մնաց թե ՝տնտեսությունը:
Ինչևէ, ունենք այն , ինչ ունենք:
Այս անգամ թատրոնը չի անցնում, բեմը խարխուլ է և կարող է փլվել:
Շատ կարևոր է, որ նոր վարչապետը կարճ ժամանակում հասարակությանը վստահեցնի, որ արագ և անդառնալի ոճով ոչ միայն կադրային, այլ նաև համակարգային փոփոխություններ են լինելու: Կրկնում ենք՝ 40 օրվա ընթացքում, ինչպես ժողովրդական ավանդույթն է պնդում:
2011 թվականին, կարճ ժամանակով, Երևանի քաղաքապետ աշխատած Կարեն Կարապետյանն այն ժամանակ հասարակության մեջ ընկալվում էր որպես գործող օլիգարխիկ բուրգի կարևոր և որոշիչ դեր ունեցող կլանային կերպար, անկախ՝ իրականությունից:
Այսօր և վաղը նոր վարչապետը պարտավոր է վստահելի և տեսանելի կերպով ի ցույց դնել, որ ինքը նախկին Կարեն Կարապետյանը չէ, ինչպես ընկալում էր հանրությունը, այլ նոր Կարեն Կարապետյանն է , ում դեռ կփորձի գնահատել հանրությունը նոր կերպարով:
Այս նյութը դիտել են - 3821 անգամ