Հովիկ Աբրահամյանը հեռացավ, ժողովուրդն էլ արդեն սկսեց բարեկեցիկ ապագա ունենալու իր հույսերը կապել Կարեն Կարապետյանի հետ։
Իհարկե, կարելի է ըմբռնել հասարակության մի մասի կողմից այս մարդու նկատմամբ տածվող համակարանքի դրդապատճառները։ Կարեն Կարապետյանն ավելի ինտելեկտուալ և զուսպ կերպար ունի, համենայն դեպս ՀՀԿ-ական մի շարք տգետ և լավ չդաստիարակված գործիչների ֆոնին, բայց իհարկե ամեն ինչ առջևում է, և այս մարդը դեռ կհասցնի բացահայտել իրեն և հատկապես իր քաղաքական սկզբունքայնության չափը հանրության առջև։
Մոտավոր ենթադրություններ անելու համար, թե այս մարդն իսկապես կփոխի ինչ-որ բան թե չէ, կարծում եմ պետք է հաշվի առնենք հետևյալ հանգամանքները։
Նախ, արի ու տես ինտելեկտուալ և տնտեսությունից բան հասկացող լինելը մեր պետական ժանգոտ համակարգում ոչինչ չեն փոխում, այսպես օրինակ Տիգրան Սարգսյանն էլ էր խելացի և բանիմաց տնտեսագետ, բայց համակարգի մեջ գոյություն ունեն խաղի կանոններ, որտեղ այս հատկանիշներն ամենևին էլ որպես առավելություն չեն դիտարկվում, մեր պետական համակարգում կարևորը թիմի ալան-թալանն ու բյուջետային միջոցները մսխելու գործընթացն անխռով կազմակերպելու ունակությունն է, որով էլ առաջնորդվում են այս պաշտոնը զբաղեցնողին ընտրելիս, իսկ ինտելեկտուալ է նա, թե՝ ոչ, կամ տնտեսությունից հասկանում է, թե ոչ՝ ընդհանրապես կարևոր չէ։
Երկրորդ, եթե, նույնիսկ այս մարդն իսկապես ազգին մի բանով օգտակար լինելու անկեղծ մղումներ ունի, հարց է առաջանում, դուրս կգա այս մարդն արդյոք այն թիմի դեմ, որը նշանակել է իրեն վարչապետի պաշտոնում, պատրաստ է այս մարդը մեկ առ մեկ պայքարել ՀՀԿ-ական այն օլիգարխների մեքենայությունների դեմ, երբ վերջիններս իրեն վստահել են իրենց մոնոպոլիաներն ու թալանով դիզված կապիտալի ապահովության ու հետա ընդլայնման գործը։
Երրորդ, կա ևս մեկ հանգամանք, որով կասկածի տակ է դրվում այս մարդու կողմից հայ ժողովրդին օգտակար լինելու ցանկությունը։ Վստահաբար Կարեն Կարապետյանի նշանակման գործում ՀՀԿ-ն միայնակ չէ որոշում կայացրել, և այստեղ մեծ է Կրեմլի դերը, ինչը մտածելու տեղիք է տալիս, որ սա Հայաստանի տնտեսության վրա ռուսական գերիշխանությունը վերջնականապես հաստատելուն է միտված, որտեղ դարձյալ ոտնատակ են տալու մեր ազգային շահերը։
Չորրորդ, Կարեն Կարապետյանն արդեն փորձ ունի ժամանակավոր պաշտոններ զբաղեցնելու, իսկ առջևում խորհրդարանական ընտրություններ են, և երկիրն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի, ուստի երկրի առաջին դեմքը հաստատ Կարեն Կարապետյանը չէ որ մնալու է, միանշանակ էր, որ այդ մարդը չէր լինելու նաև Հովիկ Աբրահամյանը, և հենց երկրի առաջին դեմքն է միակ հավակնողը այդ պաշտոնի։
Այս բոլոր հանգամանքները խոսում են այն մասին, որ նոր վարչապետի հետ հույսեր կապելը այնքան էլ ողջամիտ որոշում չէ, քանի դեռ մենք գործնականում որևէ դրական փոփոխություն չենք տեսեսլ, իսկ այդ դրական փոփոխության հույսը մեզ կարող է տալ այս անձնի ենթադրյալ քաղաքական սկզբունքայնությունը, որի ամրությունը ժողովուրդը դեռ չի տեսել։