Երեկ մեր ազգի համար «դարակազմիկ» իրադարձություն տեղի ունեցավ՝ վարչապետ փոխվեց: Համենայն դեպս ֆեյսբուքյան արձագանքները վկայում են, որ այս իրադարձությունը, որ Հայաստանում տեղի է ունենում միջինը՝ երկու տարին մեկ, հասարակության կողմից ընկալվեց որպես դարակազմիկ: Սակայն ես չեմ հասկանում Հովիկ Աբրահամյանին Կարեն Կարապետյանով փոխարինելու լավը կամ վատը որն է:
Վարչապետը Հայաստանում քիչ բան է որոշում՝ չնայած հին ու նոր Սահմանադրություններին:
Վերջին տարիներին նրանք պարզապես Սերժ Սարգսյանի պատվեր կատարողներն են: Մեկը միքիչ լավ, մյուսը՝ ոչ այնքան: Առավել ևս անիմաստ է՝ փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից, վարչապետ փոխել հիմա:
Մենք կանգնած ենք նախըտրական արշավի շեմին, որից հետո, եթե Սերժ Սարգսյանը հաղթի ժողովրդին, նա էլ կդառնա վարչապետ: Իսկ հեռացող կառավարությանը մնացել էր ընդամենը մեկ անելիք՝ պատրաստել և Ազգային Ժողովին ներկայացնել 2017 թվականի բյուջեի նախագիծը: Եվ հաշվի առնելով, թե տեխնիկական տեսանկյունից դա ինչ բարդ գործընթաց է, կարող ենք պնդել, որ նախագծի պատրաստումը մոտենում է ավարտին: Եվ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Կարեն Կարապետյանը չի կարող որևէ էական փոփոխություններ մտցնել դրա մեջ և «նոր շունչ հաղորդել» տնտեսությանը:
Սա հերթական ֆարսն է, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է թոզ փչել հասարակության աչքերին: «Վստահության մթնոլորտ» են ստեղծում: էլիԿառավարությունը միշտ էլ անում է այն, ինչ ուզում է Սերժ Սարգսյանը և կապ չունի, թե ով է որոշումների տակ դնում իր ստորագրությունը:
Եվ քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահ է, Աշոտյանը շոկոլադ է ուտելու, իսկ Լիսկան՝ գլուխ: Թե իրո՞ք մտածում եք, որ հեսա Կարեն Կարապետյանը սպիտակ ձիով գալու էր մտներ կառավարություն և «աջ ու ձախ» անելով կոռումպացված չինովնիկներին ու մարդասպաններին երկիրը ոտքի կանգնեցներ:
Այլ պայմաններում, գուցե նա այդպես էլ աներ, բայց կա Սերժ Սարգսյան և նա նույնպես անելու է այն, ինչ ասի Սերժ Սարգսյանը: Իսկ Սերժ Սարգսյանը ոչ մեկիս լավը չի ուզում՝ միայն թե իրա փայը չպակասի:
Այնպես որ կարող ենք շնորհավորել Կարեն Կարապետյանին և նրա հարազատներին նոր՝ պրեստիժ պաշտոն ստանալու կապակցությամբ: Իսկ մեզ համար ոչինչ չի փոխվել և մեկ-երկու ամիս անց մեզ են հրամցնելու նույն՝ «յոլա գնալու» բյուջեն: