Վրաստանի խորհրդարանի առաջիկա ընտրությունների կապակցությամբ “Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը” հանդես է եկել կոչով2016-09-09 00:42:00
Կ ո չ
Շուտով կայանալու են Վրաստանի խորհրդարանի հերթական ընտրությունները, սակայն երկրի և ոչ մի քաղաքական ուժ դեռևս չի ներկայացրել իր ծրագրային առաջնահերթությունները՝ ուղղված երկրի տարբեր խմբերի և շերտերի միջև առկա քաղաքացիական և սոցիալ-քաղաքական անհավասարության առնչվող խնդիրների լուծմանը: Եվ, ինչը հատկապես մտահոգիչ է, բացակայում են երկրի էթնիկական փոքրամասնությունների բազմաթիվ խնդիրների լուծմանն ուղղված իրական նախընտրական ծրագրերը:
Ընտրությունները լավ հնարավորություն են ստեղծում ջավախքահայերի և Վրաստանի բոլոր քաղաքացիների համար Վրաստանի իշխանական կառույցներ ընտրելու արժանի թեկնածուների: Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի Ջավախքի (Սամցխե-Ջավախք երկրամաս) հայ բնակչությունը ակտիվ մասնակցություն ունենա, իսկ ընտրություններն անցնեն ազնիվ և քաղաքավարի ձևով, ինչը կբացառի ընտրակեղծիքների և ընտրարշավի ընթացքում անմաքրաբարո մեթոդների կիրառումը: Այնպիսի մեթոդների կիրառումը, ինչպիսիք են՝ հանրային կարծիքի մանիպուլյացումը, վարկաբեկումը, այլ “կեղտոտ տեխնոլոգիաները”, ազգային փոքրամասնությունների կարծիքն արհամարհելը, պատգամավորության թեկնածուների ոչ արժանավայել պահվածքը, տարբեր ոչ բարեխիղճ անձանց համար բացում է դեպի իշխանություն ճանապարհը: Նման մարդիկ, որոնք ունակ են միայն քանդելու և ոչ երբեք ստեղծագործելու, միայն սրում են ազգամիջյան թշնամությունը, վարկաբեկում են իշխանությունը՝ քայքայելով նրա հեղինակությունն ու պետության հիմքերը:
Հայաբնակ Ջավախքում արդեն վաղուց ձևավորվել է բարդ իրավիճակ, երբ անհրաժեշտ է լուծել մի շարք քաղաքական և սոցիալական հարցեր: Համապատասխանաբար, Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին տալ իրենց քվեն այն կուսակցություններին ու թեկնածուներին, որոնց նախընտրական ծրագրերի մեջ տեղ կգտնեն հետևյալ առաջնահերթությունները.
• Ապակենտրոնացում և Ջավախքին (Սամցխե-Ջավախք երկրամաս)
ինքնակառավարման առավել լայն լիազորությունների տրամադրում,
• Հայոց լեզվին Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակի
շնորհում,
• Ջավախքի հայկական դպրոցներում հայերեն լեզվի կրճատված
դասաժամերի վերականգնում,
• Վրացերենի իմացության մակարդակի բարձրացում մինչև բնակչության
90% լրացուցիչ ոչ հարկադրական մեթոդների կիրառման միջոցով,
• Խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված հայկական
եկեղեցական շինությունների վերադարձ Հայ Առաքելական Եկեղեցու
Վիրահայոց թեմին,
• Քաղաքական հետապնդումների դադարեցում և Ջավախքի խնդիրներով
մտահոգ հայ գործիչների Վրաստան մուտք գործելն արգելող այսպես
կոչված “սև ցուցակների” վերացում,
• Ջավախք հայալեզու դասագրքերի, մամուլի և գրականության
ներմուծման արգելքի վերացում,
• Երկրամաս ներդրումների խրախուսում, տնտեսության կայուն աճի
ապահովում, փոքր և միջին բիզնեսի աջակցության ուժեղացում, նոր
մշտական աշխատատեղերի ստեղծում, գործազկության և
աղքատության կրճատում,
• Ագրարային սեկտորում աշխատանքի արտադրողականության
խթանում, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ավելացմանն
ուղղված ծրագրերի իրականացում, գյուղատնտեսության
միկրովարկավորման ծրագրերի իրականացում,
• Հետագա խորհրդարանական ժամանակաշրջանի ընթացքում նոր
հիվանդանոցների, պոլիկլինիկաների, նախակրթական և կրթական
հաստատությունների, մշակութային և սպորտային նշանակության
օբյեկտների կառուցում,
• Սամցխե-Ջավախք երկրամասում գյուղական ավտոճանապարհների
շինարարություն:
Մենք համոզված ենք, որ ջավախքահայերի բարեկեցության բարձրացումը պետք է լինի Վրաստանի պետական քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը և վերոնշյալ առաջնահերթությունների իրական կյանքում իրագործելը դրականորեն կանդրադառնա Վրաստանի բոլոր քաղաքացիների կյանքի վրա:
Վրաստանին անհրաժեշտ է պահպանել բազմազգ վրացական հանրության միասնությունն ու համերաշխությունը: Դա նրա գլխավոր սեփականությունն է, ամրապնդման և ապագա զարգացման գրավականը, որը ցավոք այս վերջին 25 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունների կողմից անտեսվել է: Այնուամենայնիվ համոզված ենք, որ ապագայում նման անտեսում այլևս չի լինի: Մենք, բազմաթիվ առաջադեմ ուժերի հետ միասին, երբեք չենք դադարի հիշեցնել իշխանություններին դրա մասին, քանի որ դա Վրաստանի ամբողջականության պահպանմանն ու նրա հետագա զարգացմանն ուղղված հիմնական պետական հարցն է:
“Ռուսաստանի ջավախքյան սփյուռք”
կազմակերպության նախագահություն
07 սեպտեմբերի 2016 թ.
Այս նյութը դիտել են - 3108 անգամ