ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մակարյանի փչոցը սրբագրում է Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը
2016-09-09 12:25:00

Անամոթությունը ժամանակային սահմանափակում չունի, ի տարբերություն գյուղատնտեսական արտադրանքի, որը կարող է փչանալ:

Ահա հենց այդ հույսով էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը գնում է ասուլիսների, որ այնտեղ ցուցադրի իր անգործ հաստատության աշխատասենյակներում նկարված կեղծ տեղեկություններն ու ստերը: Իսկ ստերի հարցում գյուղնախարությանը գերազանցողներ քիչ կգնտվեն: Այնտեղ միշտ բերքառատ տարի է:

Ուղիղ մեկ տարի շարունակ հողագործներին կեղծ խոստումներով մոլորեցնելուց և նրանց օրինական գումարները չվերադարձնելուց հետո այսօր Ռոբերտ Մակարյանը հայտարարում է, թե դա ընդամենը ժամանակի խնդիր է: Իսկ ինչպիսի՞ ժամանակի: Դարերի՞, լուսնային տարիների՞, որովհետև այս տարվա մարտի մեկից հայտարարվում է, որ ամեն ամսվա մեկին խաղողագործները կկարողանան ստանալ 2015-ին մթերված խաղողի գումարները, բայց հիմա արդեն սեպտեմբերի կեսն է, իսկ փողը չկա:

Հետո այս փոխնախարարը անցնում է հաջորդ կեղծիքին՝ ասելով, թե 2015թ. ընթացքում մթերված խաղողից մնացած պարտքերը կազմում են 800 մլն դրամ, և որ հիմնականում պարտքեր ունեցողները 10-12 կազմակերպություններ են, և բոլորը՝ բացի մեկ կազմակերպությունից, պարտքերը վերադարձնում են: Մակարյանի փչոցը սրբագրում է Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ իրականում մթերող ձեռնարկությունները խաղողագործներին պարտք են 1,5 մլրդ դրամ և որ ոչ թե մեկ, այլ 10 մթերող ձեռնարկություններ ամբողջությամբ չեն վճարել նախորդ տարվա մթերված խաղողի վճարը, մյուսները վճարել են մասնակի:

Գյուղատնտեսության փոխնախարարի հաջորդ սուտը վերաբերում է ձախողման պատճառներին: Սա պնդում է, թե իբր պարտքերի առկայությունը կապված է ռուսական ռուբլու արժեզրկման և գնողունակության անկման հետ, բայց վարպետորեն շրջանցում է այն փաստը, որ մթերման շրջանում վերամշակողներին տրամադրվում են վարկային միջոցներ`հատկապես մթերման դիմաց գյուղացիներին վճարելու համար, այլ ոչ թե ուրիշ նպատակներով: Իսկ թե որտեղ փոշիացան այդ փողերը, Մակարյանը չի ցանկանում ասել, ինչպես որ որևէ ցանկություն չունի խոսելու նրա մասին, որ երկրում պիտի լինի խաղողագործ-մթերող փոխշահավետ, օրենքով սահմանված պայմանագրային պարտավորություն, որը չկա ու չկա, բացառությամբ Երևանի կոնյակի գործարանի:

Մնացած դրվագների մասին խոսելն անգամ ավելորդ է, ինչպես որ հստակ է՝ անցած մեկ տարվա ընթացքում բացարձակապես ոչինչ չի արվել իրավիճակը շտկելու ուղղությամբ: Եվ հիմա մեզ սպասվում է ամենածանր ու անմխիթար բերքահավաքի շրջանը: Նման պայմաններում հնարավոր է իրադարձությունների ցանկացած զարգացում: Եվ երբ համբերության բաժակը լցվի ու թափվի, ոչ Մակարյանը, ոչ նրա գործընկերները իրենց հերթական ստերով արդեն ոչինչ փոխել չեն հասցնի:

shame.am

Այս նյութը դիտել են - 3989 անգամ