ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում կարծիք հայտնեց, որ Կարեն Կարապետյանը, վարչապետի պաշտոնը ստանձնելով, կարող է լուծել երկրի դեմ ծառացած խնդիրները, ամեն ինչ կուղղի. «Ես նրան ճանաչում եմ երիտասարդ տարիքից, անգամ այդ ժամանակ տարբերվում էր բոլորից իր համակարգային մտածելակերպով: Իսկ հետո իր աշխատանքով ապացուցեց, որ ինքը լավագույններից մեկն է: Հույս ունեմ, որ նա կարող է Հայաստանը դարձնել Սինգապուր»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ մտահոգիչ է, որ այդ ամենի մասին իշխանությունը մտածում է միայն ընտրությունների նախաշեմին. «Բերում եք մի վարչապետ, որ ամեն ինչ կուղղի, Սինգապուր կսարքի Հայաստանը, բա որ իր տեղը շուտ գիտեիք, ի՞նչ էիք անում մինչև հիմա»:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բացթողնումների վերաբերյալ Մկրտիչ Մինասյանը այսպիսի մեկնաբանություն տվեց. «Նրա գործունեությունն արդյունավետ էր, բայց արդյունավետ աշխատանքի իմաստով կային թերություններ, դրա համար փոփոխություններ եղան ու կլինեն»:
Նոր վարչապետը Հայաստան կտեղափոխվի Ռուսաստանից, նա Երևանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո տեղափոխվել էր Մոսկվա՝ աշխատանքի բերումով: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա ավելի կմեծանա: Այս հարցի վերաբերյալ Ս. Սաֆարյանը նշեց. «Չմտածեք, որ մեր բարձրագույն պաշտոնյաների ընտրության ժամանակ, օրինակ՝ վարչապետի, արտգործնախարարի կամ պաշտպանության նախարարի, Ռուսաստանի ներգործությունը չկա: Ես չեմ ասում, թե իրենք են նշանակում, բայց Հայաստանում անպայման հաշվի են առնում, թե Մոսկվան ինչպես կընկալի դա»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այս նյութը դիտել են - 4191 անգամ