«Սուտ են խոսացել, խաբել են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանն՝ անդրադառնալով նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի և ԱԱԾ-ի՝ հուլիսին արված հայտարարություններին, համաձայն որոնց՝ եթե ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամները զենքը վայր դնեին և հանձնվեին, ապա նրանք կազատվեին քրեական պատասխանատվությունից:
Փաստաբանը դատի է տվել գլխավոր դատախազությանը և դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին՝ անգործության մեղադրանքով:
Փաստաբանը նշում է՝ իր պաշտպանյալ Կարո Եղնուկյանի մեղադրանքը վերացնելու և խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ տասնյակից ավելի միջնորդություններն անհիմն մերժվել են, իսկ նրա մեղադրանքը կառուցված է Սասնա ծռերին օժանդակելու վրա, մինչդեռ համաձայն նախկին դատախազի և ԱԱԾ հայտարարությունների՝ Սասնա ծռերը պետք է ազատված լինեին քրեական պատասխանատվությունից.
«Դատախազներն առանց որևէ հիմնավորման մերժել են կամ գործը չեն քննել, ուղարկել են նախաքննական մարմին, ովքեր նույն ձևով առանց որևէ հիմնավորումների մերժել են: Ստացվում է, որ դատախազությունը չի կատարում իր պաշտոնական գործառույթները, որոնք նախատեսված են սահմանադրությամբ և օրենսդրությամբ, հետևաբար կարելի է ասել, որ դատախազությունը չի գործում այսօր»:
Հիշեցնենք, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հուլիսի 28-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել էր «Սասնա ծռեր»-ի անդամներին առաջադրված մեղադրանքների մասին և շեշտել, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ զենքերը վայր դնելու և պատանդներին ազատ արձակելու դեպքում նրանց հանդեպ իրավական գնահատականը կմեղմացվի:
«Երբ որ կամովին հրաժարվում ես հանցագործությունից, այսինքն՝ պատանդներին բաց ես թողնում՝ 218 հոդվածի պայմաններում, երկրորդ՝ շենքեր, շինությունները զավթելու պայմաններում, երբ որ կամովին հանձնում ես և հրաժարվում ես, երկու դեպքում էլ գործում է խրախուսական նորմը, և անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության»,- ասել էր Գևորգ Կոստանյանը:
«Եթե գլխավոր դատախազն ասում է՝ էստեղ մեղադրանք չի առաջադրվելու, և ինքը մեկնաբանում է օրենքը, թե ինչի համար չպետք է առաջադրվի, և այս նոր դատախազը պարտավոր է հետևի դրան, որովհետև պաշտոնական հայտարարություն է եղել, և գործող գլխավոր դատախազը պետության և իր անունից հայտարարել է, որ եթե զենքերը վայր եք դնում, քրեական հետապնդում չի իրականացվում, այսինքն պետությունը պետք է հետամուտ լինի կատարի այդ պարտավորությունը:
Շատ հնարավոր է, որ գլխավոր դատախազի ելույթից հետո է զենքերը վայր դրվել:
Մյուս կողմից, բացի օրենքի հստակ մեկնաբանությունից, սա նաև պետական մոտեցում է, քանի որ նույն բանը հայտարարել է նաև ԱԱԾ-ն, նաև տարածված թռուցիկների միջոցով, դա էլ ենք կցել գործին, ասել ենք՝ սա է ԱԱԾ–ի դիրքորոշումը:
Հիմա փաստացի մարդիկ այդ գործողությունները կատարել են և պետք է կամ հաստատեն, կամ հերքեն իրենց ասածները, իսկ եթե հերքում են, պետք է հիմնավորում ներկայացնեն:
Սուտ են խոսացել, խաբել են:
Կոստանյանը ոչ թե որպես իրավաբան է այդ հայտարարությունը կատարել, այլ որպես գլխավոր դատախազ, և երկրի համար այդ բարդ իրավիճակում դա լիցքաթափում ենթադրող առաջարկություն է եղել և այդ նպատակն է հետապնդել»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Այս նյութը դիտել են - 3682 անգամ