Շնորհավորում եմ այս նոր երգի տեսահոլովակի ծնունդը «Ես եմ Արցախը» 2016-09-10 12:55:00
Երգի այս նոր տեսահոլովակն ուշադրությանս արժանացավ: Առավել շատ հետաքրքրությունս շարժեց, երբ լսեցի Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի նախկին շրջանավարտ Վիտալի Ղազարյանի հրաշալի ձայնը: Տարիների հեռավորությունից ես վերհիշում եմ նրան, ում դասավանդում էի, և նա իր երգելու ձիրքով դպրոցի բոլոր միջոցառումների կենտրոնական դեմքն էր: Որքա՜ն գեղեցիկ էր քաղցրերգում նա, ու այդ թովիչ ձայնը պիտի կարկաչեր հայրենի երկրի զուլալ ու ջինջ աղբյուրների կարկաչի պես, Արցախի հողը պիտի թնդար ու հավերժի պատգամը հղեր հեռու-հեռուներում, որ մենք ենք մեր սարերը, մենք ենք տերը այս հողի, որտեղ մի բուռ ժողովուրդ է ապրում՝ հայրենի երգն իր շուրթերին: Տեսահոլովակի այս երգը մի քանի անգամ լսեցի, հոգիս ցնծում էր հպարտությունից: Վիտալի Ղազարյան մեներգիչը Արցախի «Մենք ենք, մեր սարերը» համույթի գեղարվեստական մասի ղեկավարն է, բայց ո՞վ է այն մյուսը, ով երգի մեկ այլ ոճում դարձել էր Արցախ, դարձել զինվոր տղա, դարձել էր թագավոր, հողի պաշտպան, անկոտրում ու կամքով արի՝ դարձել էր թշնամու սարսափը: Ու այդ Ես-ի մեջ ամբողջանում էր մի ամբողջ Արցախ…Կյանքի ու մահվան սահմանագծում կանգնած զինվորի մի հզոր փառաբանություն է այս երգը, մեր նորօրյա նահատակների հիշատակի խոնարհում, որ լեզու առած հմայիչ մեղեդայնությամբ հնչում է Մարտակերտից ոչ հեռու գտնվող բարձրաբերձ Տիգրանակերտից: Որքա՜ն մեծ էր զարմանքս, երբ իմացա, որ մեներգիչները երկու եղբայրներ են՝ Վիտալի և Վալերի Ղազարյանները: Անակնկալը մեծ էր, երբ ինձ հասանելի դարձավ, որ «Լյօկա» անունը ծնվել է վերջինիս փաղաքշական «Վալյոկա» անվան վերջնամասից: Առավել մեծ էր հիացմունքս, երբ նա հիշեցրեց ինձ, որ տարիներ առաջ, մինչև մեզանից ոչ շատ հեռու գյուղական դպրոց տեղափոխվելը, դասավանդել եմ նրան 5-րդ դասարանում: Եվ մեր զրույցը պիտի շարունակվեր ավելի մտերմիկ տոնով, ու հիշողությանս մեջ մերթընդմերթ երևում էր դասարանի երկրորդ նստարանին նստած իմ փոքրիկ սանիկը, ում մոտ այն ժամանակ էլ նկատելի էր երգելու շնորհը: Ես նրանից հարցնում եմ երգի ծննդյան մասին, ու Վալերի Ղազարյանի խոսքում հնչում է մի փոքրիկ պատմություն. «Երգի մասին գաղափարը եկավ ապրիլյան դեպքերի ժամանակ, ես ինքս էլ Մարտակերտի դիրքերոււմ էի քառօրյա պատերազմի օրերին: Բոլորս էլ տեսանք, թե ովքեր են մեզ պաշտպանում իրենց կյանքի գնով…Երբ ամեն ինչ հանդարտվեց, եկա տուն, իմ մտորումները պատմեցի եղբորս՝ Վիտալիին: Առաջարկեցի նման գործ ստեղծել, միանգամից համաձայնվեց, նա նաև իմ գաղափարակիցն է, ու ծնվեց այս երգը, որը ձայնագրվել է «Անի» ստուդիայում, գործիքավորումը իմ և Վիտալի Ղազարյանի կողմից է, շեփորը հնչեցնում է տաղանդավոր Ավետ Բադալյանը»: Տարիների հեռավորության մեջ մնացած իմ աշակերտների ուսուցչուհու կերպարով ու նորօրյա մանկավարժիս խոսքով շնորհավորում եմ այս տեսահոլովակի ծնունդը, ցանկանում ստեղծագործական նորանոր վերելքներ՝ համոզված, որ այս երգի հրաշալի կատարումը շեփորի թախծոտ ելևէջներով կհնչի դեպ հեռու-հեռուները՝ ազդարարելով Արցախ աշխարհի հզոր կամքն ու ապրելու հարատևությունը: