Այս երեկո Ազատության հրապարակում կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանը մտադրություն ուներ երևանցիներին ցուցադրելու, թե որքան մեծ թվով համակիրներ ունի մայրաքաղաքում:
Բայց արի ու տես, որ համակիրները չարդարացրին նրա սպասելիքները: Փոխարենը Նիկոլն ու նրա կուսակցական ընկերները որոշեցին զարմացնել ներկաներին ու բացականերին և հայտարարեցին մի բան, ինչի մասին լռելն ավելի խելամիտ պիտի լիներ, իսկ դրա մասին չմտածելն՝ ավելի իրատեսական:
Հարթակից ելույթ ունեցող հերթական բանախոսը հավաքվածներին տեղեկացրեց, որ Ազատության հրապարակում քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Վարչությունը լիազորում է նաև Ն.Փաշինյանին ձևավորել ստվերային կառավարություն:
Դժվար է ասել, թե այս տեղեկությունն ինչպես կընկալեն հեռացած Հովիկ Աբրահամյանն ու առաջադրված Կարեն Կարապետյանը, բայց Նիկոլի մարտահրավերը հանրության մոտ առայժմ կարող է միայն մի վերաբերմունքի արժանանալ՝ անլրջության, որովհետև խնդիրն այնքան առաջադրման փաստի մեջ չէ (նույն հաջողությամբ կարելի է առաջադրել հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացու), որքան դրա իրագործման շանսերի:
Պարզ է, որ այս ամենն արվում է մոտ օրերս խորհրդարանում հերթական կատակերգությունը բեմականացնելու նպատակով, այլապես Նիկոլ Փաշինյանը, որը կրակն է ընկել իր ամբիցիաների ձեռքը, ոչ թե վարչապետ, այլ միանգամից նախագահ կամ, ավելի ճիշտ՝ դիկտատոր կառաջադրվեր:
Ինչ վերաբերում է ստվերային կառավարություն ձևավորելուն, ապա այս հարցում էլ որակումներն արդեն իսկ խոսում են իրենց էության մասին: Իսկապես որ ստվերային, քանի որ դրանից միայն ստվերն է առկա՝ ստվերային Նիկոլի ստվերային վարչապետության շրջանակներում: