Օսկան Քոչարյան
Ընդհանրապես ցանկացած հորթ՝ լինի կենսաբանական, թե քաղաքական անասնագոմից, իր բուռն հրճվանքն արտահայտում է այնժամ, երբ շուրջ բոլորն իրենից առավել զորեղներն ու խելոքները չկան կամ ժամանակավորապես բացակայում են և ինքը կարող է տրտինգ տալ, բառաչել, առատորեն արածել և մի բան էլ փորձել պոզահարել:
Հոգ չէ, թե սույն հորթը պոզեր չունի կամ ժամանակին դրանք կտրել են, հոգ չէ, որ այդ հորթուկին ժամանակին ամորձատել են և քաղաքական եզան բախտի են արժանացրել, կարևորն այն է, որ հորթուկին բառաչելու պատրվակ են տվել իրենից շատ ու շատ վեր կանգնածին թախտից գցելով:
Հայկական քաղաքական դաշտի ամենահայտնի լայնաճակատ հորթուկներից մեկը՝ Սամվել Բալասանյանը, Գյումրու գործարարների հետ հանդիպման ժամանակ հանկարծ հիշեց, որ ինքն էլ ժամանակին այրականության ապացույց օրգաններ է ունեցել և մի քանի ժամ առաջ հրաժարական ներկայացրած վարչապետի հասցեին բլթոցներ դուրս տվեց. «Կառավարություն է փոխվելու, տեսնենք հիմա նոր կառավարության ղեկավարը լուրջ գումարներ կբերի՞ մեզ, վարկ կբերի՞, օրինակ՝ կոշիկի ֆաբրիկային, Մովսիսյանին խոստացան ու չտվեցին էդպես էլ, չհասցրեց․․․ »,-ծիծաղելով ասաց Սամվել Բալասանյանը։ Այնուհետև նա Կարապետ Մովսիսյանից մեկ անգամ ևս ճշտեց՝ հարցնելով․ «Չտվեց, չէ՞»։ Երբ բացասական պատասխան ստացավ գործարարից, մխիթարեց նրան, թե՝ ոչինչ Սրմաքեշն է խոստացել, երևի կտա:
Գարեջրային սույն բարոնը, ով մի երկու ամիս առաջ պատրաստ էր գետնատարած փռվել Հովիկ Արգամիչի առջև և Գյումրու համայնքապատկան վերջին եկամտաբեր ձեռնարկությունը նվիրաբերել նրա իսկ ղեկավարած կառավարությանը, հիմա հորթի կարգավիճակից ցուլիկի է անցել և փորձում է խայթել նախկին տիրոջը: Գյումրեցիների շրջանում դեռևս չորս տարի առաջ համառ լուրեր էին պտտվում, որ անփոխարինելի Վարդանիկի գահընկեցության, Մարտունիկի գործոնի արգելափակման և Բալասանյանի դաբրոյի հարցերում վճռական դերակատարում է ունեցել այն ժամանակվա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը` գիտեն քչերը, բայց որ Հովիկ Աբրահամյանը չէր թաքցնում իր բացահայտ դրական և, ավելին, հովանավորչական վերաբերմունքն առ Սամվել Բալասանյանը, անուրանալի փաստ է: Ամեն պատեհ առիթով նախկին վարչապետը գովեստներ էր շռայլում Սամվել Միսակիչի հասցեին և նույնիսկ հայտարարում, որ գործող քաղաքապետից գոհ ենք:
Եվ ինչ եք կարծում՝ ինչ դրամով փոխհատուցեց Բալասանյանը Հովիկ Արգամիչի «լայնատարած գրկախառնությանը»: Նա իրեն հատուկ երախտամոռությամբ վայրկենապես դավաճանեց նախկին տիրոջը և մի բան էլ բալասանյանական տափակ հումորով փորձեց խայթել Արգամիչին:
Մեկուկես տարի առաջ էլ սույն քաղաքական հորթուկը դավաճանել էր Արգամիչի խնամի հայոց գլխավոր առյուծասերին՝ Կոտայքի բդեշխ Գագիկ Նիկոլայիչին: Կապերն արձակած քաղաքական թռչկան Բալասանյանը նախկին վարչապետի «քլնգոցի սրբազան գործում» նույնիսկ հիշեց Րաֆֆու Սամվելին. «Ալեքսանյան Սամվելի հետ եմ խոսել, վարչապետը խոստացել էր, ասել էր, որ իրեն ինչ-որ դոտացիա է ուզում տալ շաքարի ճակնդեղ աճեցնելու համար։ Որ պետական մակարդակով պետք է գումարներ տրվեն, մի քիչ արդեն հավատալս չի գալիս, որովհետև անձամբ մարդ պետք է շահագրգիռ լինի, հետո մեր գյուղացին գիտի, որ շատ ծանր աշխատանք է շաքարի ճակնդեղ աճեցնելը։
Կարո՞ղ է սխալ եմ ասում և դրա համար պետք են այնպիսի մեխանիզմներ ու մեքենասարքավորումներ, որոնք կարողանան հանել, անջատել, բայց թե շաքարի գործարան ունենք, որը պարապուրդի է ենթարկված ու էսօր չի աշխատում, գյուղացուն էլ էնքան էժան գին են առաջարկում»,- ասաց Սամվել Բալասանյանը: Մի հարցնող լինի այս պարոնին՝ այդ երբվանի՞ց ես սկսել գյուղացու մասին մտածել, այն գյուղացու, որից գարին մթերում ես գրոշներով կամ ընդհանրապես չես գնում: Դու ունե՞ս արդյոք բարոյական իրավունք խոսելու գյուղացու անունից կամ հանդես գալու ի պաշտպանություն նրա:
Հետգրություն
Սամվել Բալասանյան երևույթի քստմնելի կերպարին ավելացված մեկ շտրիխ է վարչապետի հրաժարականին հետևած տխմար չարախնդանքը, և հետաքրքիր է, թե ինչ է երգելու Բալասանյանը Հովիկ Արգամիչի հերթական քաղաքական վերհառնումից հետո...