Այս հանգամանքն, իհարկե, որևէ կերպ չի խոչընդոտում առանձին պաշտոնյաների, քաղաքական ու կուսակցական գործիչների արդեն իսկ կռահումներ ու ենթադրություններ անել այն մասին, թե ինչպիսի կառավարության ղեկավար կլինի Կարապետյանը: Ու եթե հայաստանցիների պարագայում դա ինչ-որ կերպ հասկանալի ու բացատրելի է, ապա այս ֆոնին բավական տարօրինակ դիտվեց Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի քայլը:
Վերջինս այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Անկեղծորեն ուրախ եմ Ձեզ շնորհավորելու Ղրղզստանի Հանրապետության կառավարության և իմ անունից անձամբ Ձեր` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Վստահ եմ` տարբեր բնագավառներում հետագա փոխշահավետ երկկողմ համագործակցությունը, այդ թվում` Եվրասիական տնտեսական միությունում ամբողջապես կբխեն մեր հանրապետությունների շահերից»,- ասված է ղրղզական կառավարության ղեկավարի ուղերձում:
Հայտնի չէ, թե վարչապետի թեկնածուն ինչպես է արձագանքել այս շնորհավորանքին: Սակայն ակնհայտ է, որ ղրղզները տվյալ դեպքում հանդես են բերել բացառիկ շտապողականություն, ինչը երկու պատճառ կարող է ունենալ: Կամ այդ երկրում արդեն տեղյակ են, թե Հայաստանում ինչպես է նշանակվում վարչապետը, կամ հայաստանյան քաղաքական դաշտում ծավալված իրարանցումը ընկալել են իբրև կատարված փաստ և արձագանքել են ըստ արժանվույն: