Մեկն ինչ է, որ մյուսն ինչ լինի
2016-09-12 09:32:00
Լուրերն այն մասին, թե Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շուտով կնշանակվի ՀԱՊԿ քարտուղար՝ փոխարինելով Նիկոլայ Բորդյուժային, տարատեսակ մեկնաբանությունների է արժանանում: Գրում են այն մասին, որ իբր մինչ օրս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը խոչընդոտել է Թուրքիան: Ասում են նաև, թե Ադրբեջանն անհանգստացած է այդ փաստի առնչությամբ:

Նման արձագանքները գալիս են այն ենթադրությունից, որ Օհանյանն իր նոր պաշտոնը կծառայեցնի Հայաստանի շահերին, կնպաստի մեր զինված ուժերի հզորացմանը: Ինչ խոսք, վատ չէր լինի, եթե դա հենց այդպես էլ լիներ: Սակայն արդյո՞ք կարող է լինել: Նման հարցը հենց այնպես չի ծնվում, քանի որ մենք արդեն ունենք համանման իրավիճակի նախադեպը: Խոսքը վերաբերում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Երբ սա նշանակվեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ, բոլորը շտապեցին կանխատեսումներ անել, որ Հայաստանի տնտեսությանը խոշոր թռիչք է սպասվում: Բայց ոչ միայն թռիչքի ականատեսը չդարձանք, այլև արժանացանք բոլոր ցուցանիշների աննախադեպ անկման: Եվ հիմա հավատալ, թե Օհանյանը Սարգսյանի բախտին չի արժանանա, քիչ հավանական է: Մեզ մնում է միայն կրկնել այն, ինչ ասում են այդպիսի դեպքերում. «Թող չվնասի, օգնությունը մեզ պետք չէ»:
shame.am
Այս նյութը դիտել են - 7905 անգամ