Սերժ Սարգսյանի վարչապետն էր Տիգրան Սարգսյանը, որին նա նշանակեց չնայած ՀՀԿ ակնհայտ դժգոհությանը: Տիգրան Սարգսյանն այդպես էլ չդարձավ ՀՀԿ համար «յուրային»: Երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ, թեեւ հենց այդ ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանի վարչապետություն էր սպասվում, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ԱԺ ճեպազրույցներից մեկում ի պատասխան լրագրողների հարցերի խոստովանեց, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ է նշանակվել միջազգային ֆինանսատնտեսական կառույցների ազդեցությամբ:
Մինչ այդ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Տիգրան Սարգսյանի վարչապետությունը Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ցանկությունն էր:
Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից ժառանգում էր իշխանությունը, սակայն ոչ կապիտալը: Իսկ Հայաստանում իշխանության գործողություններում կապիտալը կատարում է էական դեր: Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին ակնկալում էր միջազգային ֆինանսատնտեսական կառույցների հավանությունը վայելող այդ քայլի դիմաց ստանալ նրանց բարեհաճությունն ու առատաձեռնությունը Հայաստանի տնտեսության մեջ ներարկումների եւ ներդրումների մասով:
Բայց դրանք զգալի մասով չարդարացան: Գուցե համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով: Իսկ գուցե Սարգսյանի այդ քայլը Արեւմուտքը քիչ համարեց եւ սպասում էր քաղաքական լայն գործողության՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տեսքով, ինչը սակայն տապալվեց սեպտեմբերի 3-ով:
Ներկայում Սերժ Սարգսյանը նշանակում է իր երկրորդ վարչապետին, որը ֆինանսատնտեսական «հակառակ» բեւեռից է՝ ռուսական Գազպրոմից: Արդյոք Սարգսյանն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսության մեջ կավելանա Գազպրոմի ներդրումների կամ ներարկումների ծավալը, թե՞ Սարգսյանի ակնկալիքը անմիջականորեն կապված է Կարեն Կարապետյանի եւ նրան մերձ բիզնես շրջանակների ներդրումների հետ:
Մասնավորապես, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Կարեն Կարապետյանը բավական մտերիմ է Սամվել Կարապետյանի հետ: Ըստ մամուլի հրապարակումների, նրանք ունեն համատեղ բիզնեսներ, իրականացնում են համատեղ նախաձեռնություններ:
Կբերի՞ Կարեն Կարապետյանն այդ ռեսուրսները: Սակայն, այդ պայմաններում առաջանում է մեկ այլ հարց. իսկ ու՞ր պետք է բերի: Կառուցի Երեւանում երկրորդ, երրորդ, չորրորդ ռեստորանա-ժամանցային համալիրները: Հայաստանի տնտեսությունը գործնականում գերզբաղված է, գերհագեցած, գերբաժանված:
Եղած ներդրումային դաշտը պատկանում է այս կամ այն օլիգարխին, ներիշխանական խմբին: Ռեստորան կամ հյուրանոց կառուցելով հնարավոր չէ ստանալ խորքային քաղաքական էֆեկտ: Հայաստանում կա տնտեսություն կառուցելու խնդիր, նոր տնտեսություն: Դա կամ պետք է անել՝ քանդելով հինը, ինչը Կարեն Կարապետյանը չի կարող անել մի շարք թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներով, կամ պետք է ստեղծել հնին զուգահեռ տնտեսական համակարգեր, լիովին այլ բնույթի ու որակի:
Գնալու՞ է դրան Կարեն Կարապետյանը, ունի՞ այդպիսի մտադրություն եւ համոզում, եւ ունի՞ արդյոք այդ հարցում իրեն աջակցելու պատրաստ գործարար շրջանակներ, որոնք կապահովեն այդ տնտեսական համակարգի կառուցման համար անհրաժեշտ ներդրումները, հատկապես երբ հստակ չէ քաղաքական հենարանի հարցը:
lragir.am