ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կարծիքով` արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձեռքբերումն այն է, որ «այս դժվարին ժամանակահատվածում» կարողացել է երկխոսել բոլոր ուժերի հետ:
«Նա կարողացավ լինել բաց և ազատ աշխատող վարչապետ, կարողացավ նոր մշակույթ ձևավորել` ավելի ժողովրդավար, ավելի ժամանակակից մոտեցումներով: Իհարկե, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը բաժին հասավ շատ ծանր, դժվար ժամանակահատված ՝ տնտեսության զարգացման առումով, սակայն ես կարծում եմ, որ նա ամեն ինչ արեց, որ երկիրը զարգացնի: Հովիկ Աբրահամյանը պետական լրջագույն գործիչ է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը` հավելելով. «Պետք է բոլորս համախմբվենք նախագահի շուրջ»:
Պատգամավորը վստահ է, որ Հովիկ Աբրահամյանն առիթ կունենա կրկին ծառայելու Հայաստանին և ժողովրդին:
Խոսելով վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանից սպասվող ակնկալիքների մասին` Բաբայանը նշեց, որ նրա մասին միայն դրական բաներ է լսել: «Հասարակության կողմից էլ նա ընկալվում է որպես դրական կերպար: Մնացյալն արդեն ժամանակը ցույց կտա»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին` եթե իրեն նախարարի պաշտոն առաջարկեն կհամաձայնի՞, Բաբայանը պատասխանեց. «Եթե լինի այն ոլորտը, որտեղ ես կարող եմ ծառայել և օգուտ տալ մեր երկրին, այլ ոչ թե ինքնանպատակ նախարար դառնալ` նախարար դառնալու համար, կհամաձայնեմ: Եթե հանրապետության նախագահը կգտնի նման անհրաժեշտություն, ես պատրաստ եմ ծառայել մեր երկրին»:
Այս նյութը դիտել են - 3231 անգամ