Մասնավորապես՝ դադարեցվել են Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանի լիազորությունները։
Այդ պաշտոնը օրերս կհանձնվի Ալեքսան Հարությունյանին, որը Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, մինչ այդ էլ երկար ժամանակ գլխավորել է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը։ Ալեքսան Հարությունյանի երազանքն էր նշանակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան, սակայն վերջինիս ցանկությունն այս պահին Սարգսյանը բավարարել չի կարող։
Խոսակցություններ կան, որ ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանն է դեսպանի կարգավիճակով գործուղվելու Ֆրանսիա, իսկ նրա փոխարեն ԱԳ նախարար է նշանակվելու Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Եվ որպեսզի Ալեքսան Հարությունյանի սիրտը չկոտրվի, նրան հետ են բերում նախագահական՝ օգնականի հաստիքով։
Զուգահեռաբար խոսակցություններ կան, որ Վիգեն Սարգսյանի փոխարեն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Արմեն Գևորգյանը։ Նրանք, ովքեր լավ են ճանաչում և առիթ են ունեցել աշխատելու Հարությունյանի և Գևորգյանի հետ (դա եղել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին), ասում են, որ այս երկուսն իրար տանել չեն կարողանում և մշտապես աշխատանքային բարդ հարաբերությունների մեջ են եղել։
Հիմա, եթե այս նշանակումներն իրականացան, կարելի է ասել, որ Սարգսյանն իր այսօրվա «ինտրիգային» թիմին փոխարինելու է նոր ինտրիգաններով՝ անունը դնելով, թե շարունակում է պետական կառավարման համակարգում առաջնորդվել հակակշիռների մեխանիզմի ներդրմամբ։
Հավելենք նաև, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Ալեքսան Հարությունյանը կոորդինացնելու է մեր իշխանական մամուլի աշխատանքները ևս, մի պարտականություն, որն իրականացնում է Սևակ Լալայանը։
Ո՞վ է Ալեքսան Հարությունյանը։ Նրա մասին երկար կարող են խոսել ավագ սերնդի լրագրողները։ Մասնավորապես նրա և Հոկտեմբերի 27-ի առնչությունների մասին այնքան պատմելու նյութ կա, որ տարիներ կպահանջվեն։ Լրագրողների՝ պայմանականորեն ասած միջին սերունդն էլ երկար կարող է խոսել Հարությունյանի հեռուստատեսային ճաշակի ու քաղաքականության մասին։
Այսօր արդեն «առաջացել» է մի սերունդ, որն իր քաղաքական հետաքրքրություններով հանդերձ, շատ քիչ բան գիտե Ալեքսան Հարությունյանի մասին։
Ուստի՝ կփորձենք հրապարակումների շարքով որոշակիորեն թարմացնել Հարությունյանի կերպարը՝ որպես քաղաքական ու հանրային շրջանակներում հայտնի դեմք և բիզնեսմեն։
Ալեքսան Հարությունյանը նոր մարդ չէ հայկական քաղաքական ասպարեզում։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, 1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, Ալեքսան Հարությունյանը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Բաղրամյան 26-ում Ալեքսան Հարությունյանն աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 1998-1999 թթ.-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 1999-2003 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական: 10 տարի շարունակ՝ 2003-2013 թթ. Ալեքսան Հարությունյանը եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:
Ալեքսան Հարությունյանն այն անձանցից է, որն անցել է Հոկտեմբերի 27-ի գործով։
Ավելին՝ նրա հարցաքննություններն ահագին մտորելու տեղիք են տվել շատերին։ Ի դեպ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ Հարությունյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, որը հարցաքննվել է տարբեր դրվագներով։
Նա էլ եղել է Նաիրի Հունանյանի հետ բանակցողը։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Այս նյութը դիտել են - 7501 անգամ