ԱՅՍՕՐ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԼՔՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԸ ԱՅԼ, ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ
2016-09-13 09:38:00

Ներկայումս գյուղատնտեսության ոլորտում առկա են մեծաթիվ մարտահրավերներ, որոնց հաղթահարման ուղիները դեռևս տեսանելի չեն: Ցավոք սրտի, գյուղական համայնքներից շարունակվում է ընդլայնվել արտագաղթը:

Օրեցօր դատարկվում են բարձր լեռնային, և մեր երկրի անվտանգության պահպանման գործում կարևոր նշանակություն ունեցող սահմանամերձ գյուղերը: Եթե նախկինում գյուղական բնակչության տեղաշարժերը տեղի էին ունենում հիմնականում երկրի ներսում և ունեին գյուղից-քաղաք ուղղություն, ապա այսօր գյուղացին լքում է ոչ միայն հայրենի գյուղը, այլ նաև հայրենիքը:

Ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում գյուղի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների հաղթահարումը դարձել է անհետաձգելի:
ՀՀ բնակլիմայական պայմաններում գյուղատնտեսությունն ունի բարձր ռիսկայնություն: Մեր երկրում ամեն տարի տեղի են ունենում տարերային աղետներ, որոնք հսկայական վնաս են հասցնում գյուղացիական տնտեսություններին: Միայն ընթացիկ տարում կարկտահարության և հեղեղների հետևանքով Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզերի բազմաթիվ համայնքներում ամբողջությամբ վնասվեցին ոչ միայն ցանքատարածություններն ու պտղատու այգիները, այլ նաև հիմնովին ավերվեցին համայնքային ենթակառուցվածքները:

Տարերային աղետների վնասները փոխհատուցելու և նվազեցնելու նպատակով պետք է ձևավորել ապահովագրական համակարգ, որը կարող է ռազմավարական կարևոր նշանակություն ունենալ ոլորտի զարգացման համար: Անհրաժեշտ է ավելացնել հակակարկտային կայանքների քանակը: 
Գյուղացիական տնտեսություններն իրենց ցածր վճարունակության հետևանքով չեն կարողանում ձեռք բերել անհրաժեշտ քանակության պարարտանյութեր, դիզվառելիք, սերմացու: Այդ պատճառով բերքատվության ցուցանիշները տարեցտարի նվազում են: Ոլորտի զարգացման համար լուրջ խոչընդոտներ է ստեղծում նաև գյուղտեխնիկայի անբավարար ապահովվածության մակարդակը: 30 տարի շարունակ օգտագործվող գյուղտեխնիկան այսօր արդեն գտնվում է ֆիզիկապես և բարոյապես մաշված վիճակում և չի համապատասխանում ներկայիս հողօգտագործման պայմաններին:

Հաջորդ խնդիրը վերաբերում է ոռոգման համակարգի արդիականացմանը: Հանրապետության գլխավոր գյուղատնտեսական շրջանի` Արարատյան դաշտի մի շարք համայնքներում դեռևս գործում են հողային հունով, կիսաքանդ խողովակներով ջրատարներ, որտեղ ջրի կորուստը գերազանցում է 60 տոկոսը: Այս դեպքում տուժողը նույնպես գյուղացին է:
Շուտով մեկնարկելու են խաղողի մթերման աշխատանքները: Հիշեցնեմ, որ նախորդ տարի գյուղացիական տնտեսությունները չկարողացան իրացնել բերքն ամբողջությամբ, բազմաթիվ խաղողագործներ ստիպված բերքը հանձնեցին ինքնարժեքից ցածր գներով, որոնցից շատերը մինչ այժմ վերամշակող ընկերություններից չեն ստացել իրենց գումարները: 
Գյուղացիական տնտեսություններն այսօր մտահոգված են մթերման գործընթացի կազմակերպման հարցերով, ինչպես նաև մթերվող խաղողի գնի նվազմամբ: «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում կառավարությանը ներդնել բոլոր անհրաժեշտ միջոցները մթերման աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու համար:

Իշխան Խաչատրյանի  ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 6692 անգամ