Եվ ահա այս անհանգստությունների ֆոնին օրերս լուրեր շրջանառվեցին այն մասին, թե վաճառվել են նաև Էջմիածնի հայտնի գանձերը` գոհարազարդ ոսկյա խաչն ու տառերը:
Ճշտելու համար տեղեկության իսկությունը՝ լրագրողները դիմեցին Մայր Աթոռ: Վեհարանից հավաստիացրին` նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, իսկ Էջմիածնի կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից մանրամասնեցին. «Եթե խոսքը ոսկյա ֆոնդի մասին է, ոսկե այբուբենի, խաչի, ապա դրանք երբեք հասանելի չեն եղել լայն հասարակության համար, սակայն Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ դրանք շուտով ամենքի համար հասանելի կլինեն Վեհարանի նորոգության ավարտից հետո»:
Իհարկե, լավ է, որ ոսկին իր տեղում է: Սակայն ուզում ենք այնուամենայնիվ ուշադրություն հրավիրել պաշտոնական պատասխանի որոշ առանձնահատկությունների վրա: Տեքստը սկսվում է այսպիսի արտահայտությամբ. «Եթե խոսքը ոսկյա ֆոնդի մասին է»: Իսկ եթե խոսքը միայն դրա մասին չէ, այդ դեպքում ի՞նչ՝ ուրի՞շ պատասխան էր լինելու, այսինքն՝ հնարավոր է, որ ոչ ոսկյա հարստություննե՞րն են վաճառքի հանվել:
Իսկ ընդհանրապես, նման դեպքերի համար մարդիկ պիտի ակնկալեին միայն մեկ տեսակ պատասխան՝ վստահեցում այն մասին, որ եկեղեցու գանձերը գին չունեն, անգին են, սրբություն են և երբեք ենթակա չեն առուծախի առարկա դառնալու: Մինչդեռ Էջմիածինն իր պատասխանում սողանցք է թողնում: