Գազ՝ ձայնի դիմաց. «բարեփոխված ՀՀԿ-ի նոր ակցիան»: Ի՞նչ վատ կարգախոս է որ: Աբսուրդի թատրոնի ու կրկեսի վերածված քաղաքական գործընթացը նույնիսկ զվարճալի կարող էր թվալ, եթե դա տեղի չունենար մեր երկրում:
Բոլորս արդեն սովոր ենք, որ ընտրություններից առաջ հանրապետականները փորձում են մեր ձայնի իրավունքը գնել մեզանից՝ փող են բաժանում, սնունդ են տալիս կամ ինչ-որ առօրյա խնդիրներ են լուծում, դրա դիմաց ձայն պահանջելով ընտրություններին: Եվ ամեն անգամ այս ֆարսը նոր, երբեմն զավեշտալի դրսևորումներ է ստանում:
Հիմա էլ Վանաձորում՝ ավագանու ընտրությունների շեմին ՀՀԿ-ականները գազալցակայանում զեղջ են անում վարորդների համար, որ ձայն կորզեն նրանցից: Գիտեք, սա ուղղակի ծիծաղելի է և, իրականում անօգուտ:
Ճշմարտությունն այն է, որ ընտրակաշառքն ունի միայն հոգեբանական ազդեցություն: Այն հիմնված է մեր ժողովրդի ավանդույթների, արժեհամակարգի ու բարոյականության վրա: ՀՀԿ-ն, որ մեզ շուրջօրյա ռեժիմով կեղեքում ու թալանում է, ավիրում մեր երկիրը, մեկ էլ հանկարծ՝ ընտրությունների շեմին բարիանում ու «լավություն է անում», դրա դիմաց «լավություն» ակնկալելով:
Պետք է ուղղակի հասկանալ, որ նրանք մեզ համար որևէ լավ բան հենց այնպես չեն անում և ծախսած գումարների տասնապատիկը հետ են բերելու: Ես չեմ ասելու մի վերցրեք ընտրակաշառք, մի ընդունեք այն, ինչ այս մարդիկ ձեզ տալիս են:
Ժողովրդի մի ստվար հատվածն այնպես է ապրում, որ օրվա հացի խնդիր ունի: Բայց դա վերցնելով, գիտակցեք, որ դա վերցնելով դուք պարտավորված չեք նրանց առաջ, ով ձեզ հասցրել է այս վիճակին, նրանք որևէ բարոյական իրավունք չունեն ձեզանից ոչ միայն ինչ-որ բան ակնկալելու, այլ նաև ուղղակի սպասելու:
Ասում են՝ «լավություն արա՝ գցի ջուրը». դե թող Հանրապետականի «լավությունն» էլ, եթե այն իսկապես լավություն է, ընկնի ջուրը: Ինչ տալիս են՝ վերցրեք, ընտրության օրն էլ մի զլացեք՝ գնացեք ընտրատեղամաս և արեք այն, ինչ նրանք են ամենօր անում ձեզ հետ՝ ժողովրդի լեզվով ասած, քցեք իրանց:
Ում ուզում եք ընտրեք: Ի՞նչ պետք ա անեն, դիմեն դատարա՞ն, գումարնե՞րը հետ պահանջեն: Իրենք են չէ՞ ասում, որ դա օգնություն է, որի դիմաց հասարակ բանավոր «շնորհակալությունն» էլ բավական է: Արժանապատվության հաշվին շնորհակալություն չեն հայտնում, և ոչոք իրավունք չունի ձեզանից դա պահանջելու: