Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, բայց արագ փոփոխության հույս ունենալ պետք չէ, քանի որ չկա կախարդական փայտիկ: Նա փաստորեն ասաց, որ մտադիր չէ և չի կարող Հայաստանը Սինգապուր դարձնել, ինչպես ասում էին որոշ հանրապետականներ: Բայց բանն այն է, որ նորանշանակ վարչապետն անկեղծ չխոսեց. իրականում նա Հայաստանը կդարձնի Սինգապուր:
Հանրահայտ է, թե ինչ ասել է Սինգապուր: Դա մի փոքր երկիր է, որն աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը` բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով (85.300 դոլար, Միացյալ Նահանգները 19-րդ տեղում է` 55.800 դոլարով): Բայց Սինգապուրը ժամանակին այլ երկիր էր:
Օրինակ, 1959 թվականին Սինգապուրում մարդիկ խոզերի հետ էին ապրում իրենց տներում, և այդ պետության առաջին վարչապետ Լի Կուան Յուն օրենքի ուժով արգելեց այդ համակեցությունը: Նշենք նաև, որ այդ ժամանակվա Սինգապուրում տնտեսություն չկար ընդհանրապես, մարդիկ սնվում էին վայրի խոզերով, անվճար աճող մրգերով ու բանջարեղենով: Իշխանությունը կոռումպացված էր, մի խոսքով՝ երկրում այլանդակություն էր տիրում:
Այժմ Սինգապուրն այն է, ինչ կա, իսկ Հայաստանը դառնում է այն Սինգապուրը, որը կար 1959 թվականին: Չգիտենք էլ, թե հաջողություն մաղթե՞նք մեր նոր հզոր վարչապետին, թե ոչ: Բայց անկախ մեր մաղթանքներից՝ Կարեն Կարապետյանն իր գործը կանի. նա կոմերսանտ է, ընդամենը տարիուկեսով է եկել Հայաստան (մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը), և այս կարճ ժամանակահատվածում նա պիտի հասցնի լուծել սեփական բազում խնդիրները, որոնց արդյունքում մենք 2018-ի ապրիլին կարձանագրենք, որ, այո՛, Հայաստանն այլևս Սինգապուր է: Իսկ կարևորը Սինգապուր լինելն է, թե որ թվի Սինգապուր` էական չէ:
shame.am
Այս նյութը դիտել են - 3734 անգամ