ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը Hayacq.com-ի հետ զրույցում անդրադառնալով նորանշանակ վարչապետին և նոր ձևավորվող կառավարությանը նկատեց, որ նախ` շատ կարևոր էր, որպեսզի նախորդ վարչապետի հրաժարականը որևէ կերպ պատճառաբանվեր և ներկայացվեր հանրությանը «Մեր երկրի տնտեսությունը կոլապսի ենթարկվելու ճանապարհին է:
ՀՀ-ում շատ բարդ իրավիճակ է ստեղծված՝ նախորդ կառավարության հրաժարականի մասով որևէ կերպ չպատճառաբանվեց, թե ինչո՞ւ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը:
Արդյո՞ք ինքը տվեց հրաժարական, թե՞ իրեն ասացին:
Ես պաշտոնական ոչինչ չեմ լսել:
ՀՀ վարչապետի պաշտոնն ըստ սահմանադրության շատ լուրջ պաշտոն է և հենց այնպես մարդ հրաժարական տա ու գնա անընդունելի է, պետք է հասկանալ պատճառները:
Ինչ վերաբերվում է նոր կառավարությանը և վարչապետին, ապա պետք է գնահատական տալ այն ժամանակ, երբ կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային Ժողով:
Բայց մի շատ կարևոր հարց կա. ցանկացած կառավարություն հաջողության կհասնի միայն այն դեպքում, երբ վարչապետն ազատ է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները իրականացնելիս, իսկ Հայաստանում նման բան չկա: Խոսել այս վարչապետը կամ կառավարությունը լավը կլինի, թե՞ վատը, արդեն մղվում է երկրորդ պլան:
Եթե վարչապետին պետք է ասեն ինչ անի՝ այդ դեպքում վարչապետի փոփոխություն չի կարող լինել:
Տեխնիկական վարչապետեր Հայաստանում շատ շատերն են եղել: Խոսքը գնում է քաղաքական իշխանության մասին, այն մինչև այսօր վատ է եղել:
Այս նյութը դիտել են - 3786 անգամ