ԱԺ-ում հայտարարությունների ժամին Թևան Պողոսյանի հայտարարության տեքստը:
Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս այս գումարման Ազգային Ժողովի դե ֆակտո վերջին նստաշրջան հասնելու համար։ Նորմալ գարնանային նստաշրջանի հույս, վստահ եմ, ոչ ոք չունի։
Անկեղծ ասած դրական տպավորություն չունեմ անցած տարիների մեր աշխատանքից։ Օրենքներ անշուշտ ընդունել ենք, ելույթներ էլ ենք հնչեցրել, գործուղումներ էլ ենք գնացել։ Ձևական կողմը հավուր պատշաճի կարծես պահել ենք։ Բովանդակային մասով, կարծում եմ, պատմությունը մեր մասին պարզապես կմոռանա։
Ամենահիմնականը, որ պիտի անեինք, մենք չենք արել. խորհրդարանը չենք դարձրել մեր ժողովրդին հուզող հարցերի թիվ մեկ ամբիոնը։ Այն, ինչի համար մենք բոլորս աշխատավարձ ենք ստանում, մեր փոխարեն իրականում անում է համացանցը։
Ցավալի է, բայց այսօր Հայաստանի Հանրապետության դե ֆակտո խորհրդարանը Ֆեյսբուք սոցիալական ցանցն է, իսկ դե ֆակտո ԱԺ նախագահը, իմ ամենախորին հարգանքով հանդերձ պարոն Սահակյանի հանդեպ, ցավոք, Մարկ Ցուկերբերգն է։ Տխուր է, բայց փաստ։
Դժվար է ասել ինչու այդպես ստացվեց։ Միգուցե պատրաստ չէինք ժամանակի ընթացքին, միգուցե ծուլացանք կամ գրագիտություններս չներեց, բայց դա արդեն կարևոր էլ չէ։ Չէ որ միևնույն է չդարձանք մեր հասարակությանը առաջնորդողը, չդարձանք առաջամարտիկ, ցույց չտվեցինք լույսը թունելի վերջում, հույսը միշտ տիրապետող չդարձրինք։ Իմ սիրելի բլոգերներից մեկը պնդում է՝ մարդիկ ապրում են ու չգիտեն, որ թշնամիների մեջ չեն ապրում, այլ յուրայինների... Մենք թշնամանքի դեմն առնող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված խաղի կանոններ չկարողացանք թելադրել, որովհետև մենք էլ խաղացինք հին կանոններով։
Ցավում եմ դրա համար։
Իհարկե մեկ ամբողջ նստաշրջան դեռ ունենք մեր սխալներն ուղղելու համար։ Քիչ ժամանակ չէ։ Հետևաբար մեզ բոլորիս այդ ուղղությամբ բեղուն աշխատանք եմ մաղթում։
Բարի երթ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հինգերորդ գումարման վերջին աշնանային նստաշրջանին։