Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն Զարուհի Փոստանջյանի հայտարարությամբ. Կարինե Աճեմյան
2016-09-14 20:42:00

ԱԺ հերթական նստաշրջանի բացման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո հերթը պետք է լինի Ազգային ժողովը և նախագահական նստավայրը գրավելը:

Պատգամավորի գործընկերները և մամուլը հիմնականում բացասաբար արձագանքեցին  այս հայտարարությանը՝ մեկնաբանելով, որ Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարություններ անելը խիստ ռիսկային է: ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով այսպիսի հայտարարությունը հավասար է զինված ապստամբության և հեղաշրջման կոչի:

«Ես ցանկանում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այս հայտարարության վրա, քանի որ կարծում եմ՝ այստեղ նրանք բավական լուրջ աշխատանք կունենան անելու: Պատգամավորը ոչ միայն հեղափոխության, այլ նաև զինված ապստամբության կոչեր է անում: Սա շատ լուրջ խնդիր է ներկայիս ժամանակաշրջանում, հատկապես, երբ դա հնչեցվում է պատգամավորի կողմից»,- ՀԱՅ.Մեդիա.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Աճեմյանը: 

Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնը նման հայտարարություններ անելու համար չէ, նամանավանդ որ այսքան տարիների ընթացքում Փոստանջյանի կողմից ոչ մի կառուցողական և լուրջ ելույթ չի եղել: 
«Իմ անձնական կարծիքով իրավապահները պետք է լրջորեն զբաղվեն այս հայտարությամբ և տիկնոջը հրավիրեն լուրջ զրուցի»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է Էթիկայի հանձնաժողովը որոշակի քայլեր ձեռնարկի այս հայտարարության հետ կապված, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Զարուհի Փոստանջյանը միշտ պետք է լիներ Էթիկայի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, քանի որ նա բազմիցս խախտել է և՛ կանոնակարգը, և՛ հանդես է եկել այնպիսի գործողություններով և կոչերով, որոնք նրա պատգամավորական գործառույթների հետ որևէ առնչություն չեն ունեցել: Կարծում եմ՝ պարզապես այս ամենի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողով դիմումներ չեն եղել և դա է պատճառը, որ հանձաժողովը չի արձագանքել նրա գործունեությանը»:

Ակաթի Վահանյան

haymedia.am

Այս նյութը դիտել են - 3985 անգամ