Մարգարիտ Եսայանի հորդորը Զարուհի Փոստանջյանին
2016-09-14 20:57:00

Ինչպես հայտնի է երեկ, ԱԺ նիստի ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն աղմկահարույց հայտարարություն արեց, որ առաջիկայում սպասվում է ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի գրավումը:

Թե ինչու էր պատգամավորը որոշել ԱԺ տասներորդ նստաշրջանի առաջին օրը նման աղմուկ բարձրացնել, այլ հարց է, սակայն օրենսդիր մարմնի ամբիոնից զինված ապստամբության մասին հայտարարելն արդեն իսկ վտանգ է պարունակում:

Մեզ հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծիք հայտնեց, որ իր գործընկերոջ կողմից այնքան շատ են արվել նման հայտարարություններ, որ արդեն նույնիսկ ծիծաղելի չէ:«Չի կարելի երկիրը, պետությունը և օրենսդիր մարմինը վերածել խեղկատակության: Չի կարելի այս ամբիոնի վրա խեղկատակություններ անել: Իմ գործընկերուհուն անցած 4 տարիների ընթացքում հորդորել եմ, և այս անգամ ևս ուզում եմ հորդորել չկորցնել չափի զգացողությունը և փողոցային աղմուկը չշփոթել երկրի օրենսդիր մարմնի դահլիճի քաղաքական ելույթների հետ: Նման ելույթներն արդեն այնքան ծիծաղելի են, որ նույնիսկ վտանգավոր չեն»,- ասաց Եսայանը:

Մեր այն դիտարկմանը, որ գուցե անհրաժեշտ է հավելյալ աչալրջություն ցուցաբերել, երբ նման հայտարարություն է հնչում պատգամավորի շուրթերից, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Բնականաբար, համապատասխան մարմինները միշտ պետք է աչալուրջ լինեն, անկախ նրանից՝ նման հայտարարություններ կան, թե չկան: Բայց ես կարծում եմ, որ այս տիկինն ուղղակի իրականության զգացողությունը կորցրել է, և ճիշտ կլինի, որ վերանայի իր քաղաքական վարքագիծը:

Իսկ որ նման հայտարարությունները կարող են վտանգ ներկայացնել, դա իրավապահ մարմինների հսկողության տակ պետք է լինի, և իրենք պետք է թույլ չտան, որ կրկնվի այն, ինչ տեղի ուենցավ Էրեբունու ՊՊԾ գնդում: Փաստը մնում է փաստ, որ զինված մարդկանց խումբ մտավ և գրավեց պետական զինանոց, պետական կառույց, և անկախ նրանից ինչ համակրանքներ և հակակրանքներ կա այդ մարդկանց հանդեպ, փաստն այն է, որ զինված հարձակում է եղել»:

haymedia.am

Այս նյութը դիտել են - 6902 անգամ