Լևոն Դոխոլյանի ելութը Ազգային Ժողովում Գլխավոր դատախազի թեկնածուի ընտրության վերաբերյալ
2016-09-14 22:01:00

Հայաստանի Հանրապետության դատական համակարգի գործելաոճը քաղաքացիներին վստահություն չի ներշնչում:

Առհասարակ արդարադատության համակարգի հետ առկա են բազմաթիվ դժգոհություններ: Իրավապահ մարմինների գործունեությունը պետք է լինի թափանցիկ և հրապարակային: Բոլորը պետք է հավասար պատասխանատվություն կրեն օրենքի առջև, անկախ նրանից թե ինչ սոցիալական կամ քաղաքական խավի են պատկանում և ինչ պաշտոն զբաղեցնում:

Դատական համակարգի բարեփոխումները պետք է բխեն արդարադատության, հավասարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքներից: Դատավորները պետք է լինեն մամուլի և հասարակության ուշադրության կենտրոնում և ցանկալի կլիներ ուղիղ հեռարձակմամբ դիտել Հայաստանում ընթացող բոլոր դատական նիստերը, բացառությամբ փակ նիստերից:

Այսօր մեր երկրի քաղաքացիները չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել իրավապահ և դատական մարմինների միջոցով, և սա արտագաղթի համար լուրջ խթան է հանդիսանում:

Օրինակ` արագաչափերի և կարմիր գծերի հետ կապված բողաքարկումները կրում են ֆիսկալ բնույթ` որոշումները կայացնել ի շահ այդ կազմակերպությունների` հաշվի չառնելով կամ շրջանցելով առկա փաստարկները: Հազարից մեկ դեպքում է, որ լուրջ իրավաբանների ներգրավմամբ է հնարավոր շահել դատը` հանուն արդարություն պահանջող քաղաքացու, սակայն ոչ բոլորն են պատրաստ կատարել նման ծախսեր: Մարդիկ վստահություն չունենալով դատական մարմինների հանդեպ նախընտրում են սուս ու փուս վճարել տուգանքները, քան պաշտպանել իրենց իրավունքները:

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ)-ն նշում է, որ Հայաստանի հասարակության համար կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ խնդիր՝ չնայած կոռուպցիայի դեմ պայքարը տարիներ շարունակ եղել է քաղաքական բարձր օրակարգում:

Զեկույցը փաստում է, որ Հայաստանում դատական համակարգը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը: Բազմաթիվ են հաղորդումները, որ դատական ատյանները կախված են ոչ միայն տարբեր մակարդակի պաշտոնյաներից, այլև ավելի բարձր ատյանների դատավորներից ևս: Մյուս կողմից, լուրջ մտահոգություններ կան դատավորների վրա կաշառքով և նվերներով ազդելու հնարավորության վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ պայքարող այս խումբը 18 հանձնարարական է տվել Հայաստանի իշխանություններին` արդարադատության, դատախազության և այլ համակարգերում կոռուպցիան վերացնելու համար: Առաջիկա ամիսների ընթացքում` մինչև հաջորդ տարվա ապրիլ, պաշտոնական Երևանը պետք է տեղեկացնի, թե ինչ է կատարվել այս ուղղությամբ: Օրինակ ընտրությունների ժամանակ, երբ տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ, և իրավապահները տեսնելով այդ ամենը ոչ մի իրավաչափ քայլ չեն ձեռնարկում, գլխավոր դատախազությունը երբևէ գործ հարուցե՞լ է այս ոստիկանների նկատմամբ: Իհարկե ոչ: Իսկ եթե ընտանիքի հայրը, գործազրկության հետևանքով, ոչ մի հնար չունենալով իր երեխաների համար հաց է գողացել, բավականին խիստ պատժամիջոց կկիրառվի, և տարիներ շարունակ նմանատիպ քաղաքացիները իրենց պատիժը կկրեն կալանավայրերում:

Յուրաքանչյուր ընտրությունից առաջ միլպետները կոնկրետ հանձնարարությունն են ստանում և տալիս համայնքների ոստիկաններին, որպեսզի կողմնակալ վերաբերմունք ցուցաբերվի իշխանության օգտին: Սակայն ինչպե՞ս պետք է կանխվեն այս երևույթները: Գլխավոր դատախազությունը իր ադեկվատ մոտեցումը պե՞տք է ի վերջո ցուցաբերի թե ոչ:

Ավարտելով խոսքս կցանկանայի որպեսզի գլխավոր դատախազը լիներ ոչ թե իշխանությունների պատվեր կատարող, այլ գործեր ինքնուրույն, ի շահ մեր քաղաքացիների և ի շահ մեր երկրի:

Լևոն Դոխոլյանի  ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 7834 անգամ