Քիչ առաջ եմ վերադարձել Արյունաբանական կենտրոնից: Մեր փոքրիկ Արտյոմիկին էի այցելում: Երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր: Շարունակվում են ֆինանսական նվիրատվությունները ընտանիքի ընկերների, հարազատների, ինչպես նաև սրտացավ քաղաքացիների կողմից: Ինչի համար բոլորիս խորին շնորհակալությունը: Սակայն պահանջվող գումարը դեռ չի հավաքվել, իսկ մենք հույսներս չենք կորցնում:
Սակայն այլ բանի մասին եմ այժմ ուզում խոսել:
Խոսքս ուղղում եմ առողջապահության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպաններին, մարդասիրական բոլոր կազմակերպություններին, մտահոգ քաղաքացիներին:
Հարգելինե՛րս, այս կենտրոնում բուժում անցնող երեխաներն ու նրանց ծնողները գտնվում են անմարդկային պայմաններում: Սա իսկական մարդասիրական աղետ է: Սա դժոխք է, որի մասին ֆանտաստ գրողներն անգամ իրենց ամենասարսափելի գործերում չեն հիշատակել:
Շենքը գտնվում է նախապատմական վիճակում: Հիվանդասենյակները հիշեցնում են բանտախցեր, որտեղ մի քանի քառակուսի մետր տարածքը կիսում են մի անգամից երկու հիվանդ երեխաներ:
Երեխաների մահճակալները դեռևս նախասովետական մետաղյա մահճակալներ են՝ անհարմար մետաղյա ջարդոններ: Երեխաներին խնամող ծնողներն անգամ աթոռ չունեն՝ նստելու համար: Եվ եթե անգամ մի ինչ-որ կոտրած աթոռ են գտնում, ապա հերթափոխով են նստում, ու նաև քնում դրա վրա:
Սանհանգույց գոյություն չունի: Եղածն էլ մեղմ ասած գտնվում է հակահիգիենիկ ու հակասանիտարական վիճակում, այն էլ հիվանդասենյակներից շատ մեծ հեռավորության վրա:
Չէ, դուք հասկանո՞ւմ եք, ինչ հիվանդների հետ գործ ունենք: Այստեղ մանկահասակ երեխաները կենաց-մահու պայքար են տալիս, և այն էլ այսպիսի անմարդկային պայմաններում:
Անձնակազմի մոտեցումը սարսափեցնող ոչ պրոֆեսիոնալ է: Երեխան մոտ երկու ժամ է լացում է ցավերի մեջ: Հերթապահ բժշկից խեր-խաբար չկա: Մի կերպ գտանք երևելի տիկնոջն ու պալատ հրավիրեցինք: Դեպքի վայր ժամանելով՝ վերջինս տվեց օրվա հարցը . «Իսկ երեխան ի՞նչ գանգատներ ունի»:
Հասկանո՞ւմ եք, հերթապահ բժիշկը տալիս է նման հարց ընդամենը առավոտյան քիմիա ստացած երեխայի ծնողին: Ու հարց է տալիս մի հիվանդանոցում, որտեղ բուժվող երեխաների ճնշող մեծամասնությունը նույն «գանգատն» ունի:
Եվ միգուցե ծիծաղելի լիներ, եթե ամեն ինչ այսքան տխուր և սարսափելի չլիներ:
Էլ չեմ խոսում բուժքույր - սանիտարկաների փնթի պահվածքի մասին: Փնթիությունն այս դեպքում ոչ թե արտաքին, այլ ներքին դրսևորում ունի:
Կգտնվեն մարդիկ, որ կասեն՝ բա գիտե՞ս, կլինիկայի նոր մասնաշենք են կառուցում՝ ժամանակակից, մաքուր, լուսավոր...
Իսկ դուք հասկանո՞ւմ եք, որ մինչև այդ բաղձալի շենքը պատրաստ լինի հենց հիմա, հենց այս պահին այս վայրում տառապում են 4,5,6... տարեկան երեխաներ:
Հենց այս պահին այդ երեխաների ծնողները, աղի արտասուք կուլ տալով, անիծում են իրենց սև բախտը: Այստեղ մարդկային ճակատագրեր են խորտակվում, այստեղ բարոյահոգեբանակ խորագույն անկում է տեղի ունենում, պարոնա՜՜՜՜յք:
Անգամ աշխարհի ամենասարսափելի բանտերում ամենածանր հանցագործներն այսպիսի պայմաններում չեն ապրում, ինչ այս երեխաները: Սա խայտառակություն է, սա անեծք է, սա խարան է բոլորիս վրա:
Ես չեմ կարող բառերով փոխանցել այն ամբողջ ողբերգությունը, որ տեղի է ունենում այս վայրում: Սա սեփական աչքերով տեսնել ու զգալ է պետք:
Եվ ես հասկացա մեկ բան: Հայաստանում պետք է վախենալ այս հիվանդությունից: Եվ ոչ թե նրա համար, որ այն սարսափելի է իր տեսակով ու բնույթով, այլ հենց նրա համար, որ ստիպված ես լինելու՝ անցնել այս գեհենի միջով:
ՀԳ. Գրառմանս մեջ նշում եմ բոլոր քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր կարող են ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա:
Յաշա Սոլոմոնյանի ՖԲ էջից