Միշտ պաշտել եմ հին հունականը։ Դիցաբանությունն ու լեգենդները, առասպելներն ու պատմվածքները, ճարտարապետությունն ու քանդակագործությունը, փիլիսոփայությունն ու մտածողությունը։
Կարծել եմ, որ որևէ այլ քաղաքակրթություն այդքան հզոր ազդեցություն չի թողել մյուսների վրա, որքան՝ հելլենիստականը։
Հելլադայում յուրաքանչյուրն ունեցել է հասարակության մեջ իր տեղը, դերն ու նշանակությունը։ Սա էլ դարձել է հույների հաջողության գրավականը։
Ֆիդիասն ու Միրոնը քանդակում էին և կառուցում։ Արիստոտելը, Դեմոկրիտուսը, Պլատոնն ու Սոկրատը մտածում։
Հոմերոսն ու Հերոդոտոսը պատմում, Հիպոկրատը բժշկում, Պյութագորասն ու Արքիմեդը գիտությամբ զբաղվում ու հաշվարկում, իսկ այս ամենը «արտահանում» էր Ալեքսանդր Մեծը՝ Ասիայից մինչև Աֆրիկա։
Այսպես է հելլենիստական քաղաքակրթությունը դարձել ամենաազդեցիկը՝ ոգեշնչելով վերածննդի նկարչին, ուշ միջնադարյան ճարտարապետին ու ժամանակակից աստղագետին։
Իսկ ի՞նչ ենք արել մենք հին հայկական, կամ ուրարտական քաղաքակրթության տարածման համար, թեկուզ ժամանակակից հայի մեջ։ Արդյո՞ք այսօր մեր հասարակության մեջ յուրաքանչյուրն իր տեղում է և ունի ներուժ ինչ որ բան ապագա սերունդներին փոխանցելու համար։
Սուրեն Սարգսյանի ՖԲ էջից