Կարեն Կարապետյանի հրահանգը ՊԵԿ նախագահին «Լրագիր»
2016-09-15 04:49:00

Կառավարության այսօրվա նիստի սկզբում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով, որ հանրությանը շատ է հետաքրքրում այս հարցը, և իրենք ստեղծում են համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնեն դա:

 «Բայց այս պահին ես ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարական ձևակերպել հետևյալ կերպ:

Առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց ֆունկցիաները:

Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ համարվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում:

Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում»,- հանձնարարեց վարչապետը: Նա նշեց, որ մաքսային ծառայությունների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում պետք է լինի, իսկ գործունեությունը պետք է լինի թափանցիկ:

 «Այս գործողությունները, պարոն Հովսեփյան, դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու: Որևէ ձևակերպում, որևէ ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը»,- ՊԵԿ նախագահի պաշտոնակատարին դիմեց Կարեն Կարապետյանը:

lragir.am

Այս նյութը դիտել են - 8365 անգամ