Ես կցանկանայի դառնալ ՀՀ արդարադատության նախարար
2016-09-15 11:07:00
Հանկարծակիի եկա... Նա 12-րդ հումանիտար դասարանի միակ տղան է: Մի քանի անգամ հայացքս սահեց իմ աշակերտ Սեյրան Աղաբեկյանի շարադրության տողերով. «Անկեղծ եմ ասում, տիկի՛ն Պողոսյան, ուզում եմ զբաղեցնել այդ կարևոր պաշտոնը, բայց ոչ թե փառքի ու պատվի համար, այլ երկրիս արդար ու բարձր գործեր մատուցելու նպատակով»: 
Այն երկխոսությու՞ն էր ինձ հետ, թե՞ անկեղծ խոստովանություն, դա չէր կարևորը: Այդ տողերում կային երազանքներ, սրտի խոսք, որ փորձում էր անհանգիստ մտորումներով կիսվել իր ուսուցչուհու հետ: Սա մտահոգություն էր դեռահասի, որ աղաղակում էր, հոգու ցավալի ճիչ էր, որ բարձրաձայնում էր` ի լուր աշխարհի:
«Հայրենի երկիր, իմ մա՛յր Հայաստան, որտե՞ղ ես, որտե՞ղ է այն հզոր, անպարտելի ու հարևանների համար սարսափ համարվող երկիրը` ծովից ծով Հայաստանը...
Որտե՞ղ է Տիգրանի, Արտաշեսի, Լևոնի ու Նժդեհի Հայաստանը...
Փշաքաղվում ու ձեռքս ակամայից բռունցք եմ դարձնում, ցանկանում օգնել, օգտակար լինել երկրիս: Ուզում եմ լինել ամենից առաջ Մարդ` ազնիվ ու արդար, ես սիրում եմ արդարությունը, իսկ ապրիլյան պատերազմից հետո իմ մոտ ցանկություն առաջացավ` դառնալ ՀՀ արդարադատության նախարար և արդարության բարձունքից երկիրս նեկայացնել ամենուր...»:
Նա երբեմն դառնում էր հայրենիքի զինվոր, երբեմն այդ նույն հայրենիքի անմնացորդ նվիրումով ապրող անհատականություն. «Պաշտում եմ քեզ, իմ մա՛յր Հայաստան, որ հայի հայրենիքն ես դարձել, բայց ամենից առաջ ցանկանում եմ երկրիս համար դառնալ արժանի զինվոր»:
Հպարտանա՞մ, թե՞ զարմանամ, որ ՀՀ անկախության տոնին նվիրված այս շարադրանքի վերջում իմ աշակերտի գրած տողերը մի նոր անակնկալ պիտի մատուցեին ինձ. «Տիկի՛ն Պողոսյան, ես ստեղծագործել չգիտեմ, բայց անկեղծ հայրենասեր եմ, ես այնքան էլ լավ չեմ շարադրություն գրելում, սակայն կարող եմ ասել, որ հայրենասիրության ջատագով եմ և պաշտում եմ իմ երկիրը, որ Հայաստան է կոչվում` մի բուռ Արցախով»:
Խոսքի պակաս ունեմ, բառեր եմ փնտրում, չեմ գտնում, ի~նչ լավ է, որ ես նրան դասավանդում եմ...

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 3757 անգամ