Լոս Անջելեսի կենտրոնական հատվածում գտնվող մի երկար տարածք արդեն մեկ դար է դարձել է ԱՄՆ-ի անտուն մարդկանց խորհրդանիշ։ Ու Լոս Անջելեսը, հատկապես քաղաքի այս հատվածը շատ հաճախ անվանում են ԱՄՆ-ի անտուն մարդկանց քաղաք։ Սկիդ Ռոու անվանումը կրող այս մասում բնակվող մարդիկ չեն էլ պատկերացնում որն է իրենց ապագան։
Ինչպես այս թաղամասում բնակվող Ուոլթեր Սանդերսն է ասում, խնդիրն այստեղ գրեթե անհնար է լուծել։ Ինչպես նա է զայրացած ասում, այս թաղամասից կարելի է ազատվել միայն այստեղ ատոմային զենք նետելու միջոցով։
Օգնություն առաքող ու կամավորական խմբերի անդամները նույնպես հուսադրիչ խոսքեր չունեն ասելու։
Կամավորական խմբերից մեկի գործադիր տնօրեն Էնդի Բեյլսի խոսքերով, Սկիդ Ռոուն բացարձակ աղետի գոտի է։
՝՝Սկիդ Ռոուն փաստորեն մարդու կողմից կառուցված ամենամեծ փլատակն է ԱՄՆ-ում։ Այստեղ տարեց տարի ավելանում են բռնություններնու քաոսը։ Ու ամենացավաելին այստեղ մարդկանց իրավիճակն է, որոնցից շատերը մեռնում են հենց փողոցներում՛՛։
Այստեղ կան մարդիկ, որ այսպես ասած, խրոնիկական անտուններ են։ Նրանց են ավելանում նաեւ աշխատանքը կորցրած անձինք։ Վիճակագրական մի շատ ցավալի տվյալ. Այս անտուն մարդկանցից 5Օ հազարը պատերազմի վետերաններ են ու բանակի նախկին զինվորականներ։
Պատերազմի վետերաններից Քրիսթոֆեր Քաթարուսան իրեն ավելի ապահով է զգացել բանակում ծառայելու տարիներին։
՝՝Եկա այստեղ՝ վստահ լինելով, որ Լոս Անջելեսն աշխատանքի մեծ հնարավորություններ ունի։ Փաստորեն հայտնվեցի խնդիրների հորձանուտում, խնդիրներ, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում՛՛։
Նա այս ամենի համար մեղադրում է կառավարությանը, որը նրա խոսքերով, չի հոգում այստեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ վետերանների համար։
Չնայած Լոս Անջելեսն է անտուն մարդկանց թվով զբաղեցնում առաջին տեղը Միացյալ Նահանգներում, խնդիրը փոքր չէ ո՛չ Նյու Յորքում, ո՛չ Սան Ֆրանցիսկոյում ու Դալասում, ո՛չ էլ մայրաքաղաք Վաշինգտոնում։
Ու չնայած 2Օ13 թվականի համեմատ ԱՄՆ-ի 36 նահանգներում գրանցվել է անտուն մարդկանց թվի նկատելի անկում, որոշ հատվածներում, հատկապես Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում ու Նյու Մեքսիկոյում այս թիվն աճ է գրանցել։ Գլխավոր պատճառը, ասում են մասնագետները, տների բարձր ամսավճարներն են։
Այս նյութը դիտել են - 1486 անգամ