Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում
2016-09-16 09:56:00

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծում է, թե հայ ժողովուրդն այնքան է երջանկացել իր անկախության 25 տարվա ընթացքում, որ պարտավոր է նշել այդ տարելիցը զինվորական շքերթով: Լավ, շքերթը թող անեն, եթե ղեկավարության համար սա տարեդարձ է, ոչ թե տարելից, որովհետև, ի տարբերություն հայ ժողովրդի, որը 25 տարում հասավ ամենաողբալի մակարդակի, նրա ղեկավարությունն իսկապես երջանիկ է և ուրախ, քանզի հասավ ամենադրախտային մակարդակի: Բայց ինչո՞ւ այդ շքերթը մղձավանջի վերածել, բա էս ժողովուրդը մեղք չէ՞:


Այսօր Երևանում զինվորական շքերթի փորձ էին անում: Ընդհանրապես փորձեր անում են, բայց նորմալ երկրներում դա անում են գիշերով, ոնց որ Մոսկվայում: Հայաստանում դա արեցին օրը ցերեկով և պարալիզացրին մայրաքաղաքի երթևեկությունը` բնակչությանը և խցանումների մեջ հայտնված քաղաքացիներին հասցնելով ինֆարկտի դուռը:


Դժվար է հասկանալ, թե ինչու շքերթի կազմակերպիչները չհասկացան, որ նման միջոցառումներն անում են գիշերով: Դժվար է նաև հասկանալ, թե ինչու կազմակերպիչները չհասկացան, որ չարժե օրը ցերեկով էդքան հայհոյանքի արժանանալ: Եվ, ըստ ամենայնի, չեն էլ հասկանա, և մենք դատապարտված կլինենք այս մղձավանջին դիմանալ մինչև ամսի 21-ը: Դե, ինչ անենք, հայ ժողովուրդը համբերատար է, այս մի վշտին էլ կդիմանա:


Հետգրություն


Հայկական «պառադի» մի յուրահատկություն էլ ներկայացնենք, որը, բարեբախտաբար, մեզ ինֆարկտի դուռը չհասցրեց: Ուրեմն, «պառադին» մասնակցում են նաև ռուս զինվորներ (տե՛ս նկարը, որտեղ 

հայ պատանու դեմք չկա): Փորձեցինք այդ երիտասարդների հետ խոսել` պարզվեց, որ հայերեն չեն խոսում, թեպետ կրում էին հայկական զինվորական համազգեստ: Հարցրեցինք մեր ոստիկաններին, ասացին, թե ռուս զինվորներ են, իսկ հարցին, թե ինչ են անում ռուս զինվորները հայերի «պառադին»` ուսերը թափ տվեցին:

Իսկ ավելի կոմպետենտ աղբյուրը մեզ ասաց, որ այդ հրթիռներն էլ են ռուսական, ուղղակի ռուսները ժամանակավոր, այս հզոր «պառադի» համար, տվել են հայերին: Եթե այդպես է, ուրեմն ռուսները քձիբություն են արել` բա չարժե՞ր, որ մեր այս պայծառ տոնի առթիվ մեզ ժամանակավորապես տրամադրեին ոչ թե այդ պրիմիտիվ հրթիռները, այլ գոնե «Տոպոլ» կամ «Յառս» միջուկային ստրատեգիական հրթիռներ…

shame.am

Այս նյութը դիտել են - 7680 անգամ