Մեծ քանակությամբ զինտեխնիկա է շարժվում դեպի Հանրապետության հրապարակ (ֆոտո, վիդեո)
2016-09-16 10:59:00

15:00 ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 21-ին հետաքրքիր զորահանդես է սպասվում Հանրապետության հրապարակում: «Աննախադեպ չի, բայց հետաքրքիր կլինի»,- վստահեցրեց նա: 

Հովհաննիսյանը հրաժարվեց ներկայացնել, թե ինչ զինտեխնիկա է ցուցադրվելու՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում զորահանդեսը կկորցնի իր հետաքրքրությունը:

Հարցին՝ համերգ նախատեսվո՞ւմ է՝ Հովհաննիսյանը պատասխանեց, որ հավանաբար` այո, բայց դա Պաշտպանության նախարարությունը չի կազմակերպում:

14:20 Այս պահին Հանրապետության հրապարակում տեղի է ունենում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի փորձը: Մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է ուղեւորվում դեպի Հրապարակ:

Ռազմատեխնիկայի տեղափոխման հետեւանքով Երեւանի ողջ կենտրոնի երթեւեկությունը կաթվածահար է եղել: Խցանումները ձգվում են կիլոմետրերով: Մեքենաները ժամեր շարունակ չէին կարողանում դուրս գալ խցանումից:

Ինչպես տեղեկացրել ենք՝ անկախության 25-ամյակի տոնակատարությունների գլխավոր ինտրիգը հենց այս շքերթն է լինելու: Մեր տեղեկություններով, զորահանդեսն իր «մասշտաբներով» առնվազն չի զիջելու 2011 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսին: Սպասվում է, որ զորահանդեսի ժամանակ ի ցույց կդրվեն նոր զինատեսակներ, մասնավորապես, ծանր զրահատեխնիկա եւ բարձրտեխնոլոգիական ռազմական սարքավորումներ, որոնք մինչ այժմ մեր զինված ուժերը չեն ունեցել կամ եթե ունեցել են, չեն ցուցադրել:

Դա պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության սրացումներով, որոնք տեղի ունեցան այս տարվա ապրիլի սկզբին եւ ակնհայտ դարձավ, որ մեր բանակը տեխնիկական հագեցվածության իմաստով ունի որոշակի խնդիրներ: Առայժմ հայտնի չէ, թե Ռուսաստանի Դաշնությունից ստացվելիք 200 միլիոն դոլարի զենքն ու զինտեխնիկան ամբողջությամբ է մատակարարվել, թե՞ ոչ: Զորահանդեսին ներկայացված տեխնիկայից կարող է շատ բան պարզ դառնալ:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 3382 անգամ