Գլխավոր դատախազը՝ հրեշտակների ղեկավար
2016-09-16 14:46:00

Դեռ մեկ օր էլ չկա, որ Արթուր Դավթյանը ընտրվել է հանրապետության գլխավոր դատախազ, բայց արդեն հասցրել է հանրությանը մեծ ու աներևակայելի զարմանք պատճառել: Այն, ինչ նա հայտարարել է, գրեթե նույնն է, եթե խոսես մի երևույթի մասին, որը դեմ է ֆիզիկայի օրենքներին: Իսկ նորանշանակ դատախազի պնդումն այն մասին է, թե իբր Հայաստանի դատախազության համակարգում բոլորն անխտիր անկաշառ են

Այսպիսի հայտարարություն անողը նախևառաջ մեծ պատասխանատվություն է վերցնում իր վրա, որովհետև եթե վաղը որևէ քաղաքացի մատնացույց անի կոնկրետ դատախազի ու փաստերով ապացուցի, որ նա կաշառք է պահանջել (ինչը խիստ հավանական է), ապա Արթուր Դավթյանը ոչ միայն կարող է իրեն վատ զգալ, այլև դիտվել իբրև հանցագործության հովանավոր:


Սակայն Դավթյանի ուտոպիստական մտածողության պաշարն այսքանով չի սպառվում: Այն հարցին, թե ճանաչո՞ւմ է մի դատախազի, որը չի կաշառվում, նա պատասխանել է. «Ցանկացած դատախազ հստակ գիտի, որ նման բացահայտման առկայության դեպքում ընդհուպ քրեական պատասխանատվության կենթարկվի։ Վստահեցնում եմ, որ բոլորն են այդպիսին՝ չկաշառվող»։

Երկրի գլխավոր դատախազը երևի պիտի տեղյակ լիներ, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով էլ նա լինի, ենթարկվում է նույն պահանջին ու բնականաբար հասկանում է, որ անօրինականություն կատարելիս, բացահայտման առկայության դեպքում, կենթարկվի ընդհուպ քրեական պատասխանատվության։ Բայց արի ու տես, որ, միևնույն է, երկիրը լի է հանցագործներով:

Այնպես որ դատախազների անկաշառ լինելու երաշխիքը չի կարող համարվել պատժի առկայությունը:

Իսկ Արթուր Դավթյանը պնդում և մատնանշում է միայն դա, քանի որ ուրիշ բացատրություն նա չունի: Կամ պիտի ասի, որ դատախազները կաշառվում են, կամ էլ պիտի հույսը դնի նման անհեթեթ հիմնավորման վրա, ինչն էլ նա արել է մեծ հաջողությամբ:

shame.am

Այս նյութը դիտել են - 5305 անգամ