Վարչապետի հրամանով Գուրգեն Դումանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Պաշտոններից ազատվել են նաև վարչապետի խորհրդականներ Գագիկ Խաչատրյանը, Կորյուն Հակոբյանը և Արամ Անանյանը: Ազատվել է պաշտոնից նաև ՀՀ վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանը:
Իր մերձակա շրջապատն այսպես միանգամից ամայացնելով՝ վարչապետը ոչ միայն նոր թիմ բերելու հոգսերով է զբաղված:
Բանն այն է, որ այսօր փաստացի կառավարության շենքին հրաժեշտ տվեցին նրանք, ում համար այդ կառույցը վերածվել էր հաճելի, տաքուկ ու ապահով ապաստանի և ովքեր այդ կետին էին հասել ոչ իրենց ընդունակությունների շնորհիվ:
Այսօր ազատված խորհրդականների ճնշող մասը սրա ու նրա ազգականն էր և այդ ազգակցական կապերի ուժով էլ թռիչք էին կատարել իշխանական բարձունքներում:
Օրինակ, աշխատանքից ազատված Գուրգեն Դումանյանը առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դերենիկ Դումանյանի որդին է:
Իր գործից զրկվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի եղբայրը` Կորյուն Հակոբյանը:
Իսկ Արամ Անանյանը Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի տղան է, ով նաև «Արմենպրես» լրատվական գործակալության ղեկավարն է:
Կարճ ասած, կառավարությունում այսօր ազգակցականներին հրաժեշտ տալու տխուր օր էր: