Կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի մտքերի հանդեպ վարչապետ Կարեն Կարապետյանի անհավատությունը Դաշնակցության սրտով չէ.
«Եթե վարչապետը չի համոզվում, որ նա գիտի, թող համոզվի»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Պարոն Ռուստամյանն առայժմ գերադասում է տեղի ունեցածն անվանել շոու
«Զերծ մնանք ընդհանրապես շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճ կյանք կարող են ունենալ»:
Միքայել Մելքումյանը դեմ չէ վարչապետի փոփոխությանը եւ կտրուկ հայտարարություններին: Բայց հայտարարություններ անելով չէ.
«Կոռուպցիայի մասին հենց ընենց չենք խոսում, է, չափի ասա՝ որտեղ է դա, այ ռիսկերը ցույց տուր ասա այ ըսենց էս միջոցառումներն անելով իջացրեցի»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամը։
Հայ Ազգային Կոնգրեսն որեւէ սպասելիք չունի Կարեն Կարապետյանից՝ նա մտադիր չէ վերացնել մենաշնորհները.
«Անգամ եթե մրցունակ միջավայրում ձեւավորվել է մենաշնորհ, նա չարիք է»,-ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ կպայքարի միայն այն մենաշնորհի դեմ, որը ձեւավորվել է ադմինիստրատիվ որոշումներով: Ըստ Լեւոն Զուրաբյանի, սա մենաշնորհների պաշտպանություն է.
«Այստեղ միգուցե խոսեց իր անցյալը կամ ներկան կապված «Գազպրոմի» հետ»:
Հովիկ Աբրահամյանին «Հայռուսգազարդի» նախկին ղեկավարով փոխելով իշխանությունը միայն փոփոխության օպերացիա է իրականացրել, ոչ ավելին.
«Իշխանությունը պիտի գնար կատարելու այդ թարմացնելու օպերացիան, որի ամբողջ իմաստն այն է, որ մի քիչ պակասեցնի ժողովրդի զզվանքն այս իշխանությունների նկատմամբ ընտրություններից առա»,- կարծում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի, Լեւոն Զուրաբյանի այս հայտարարությունը նախընտրական շտապողականություն է.
«Շտապում են մեր ընդդիմադիր գործընկերները: Բնականաբար այլ կարծիք չէի էլ սպասում«- նշում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ի դեպ, այսօր Միքայել Մելքումյանը որոշ ճշտումներ է մտցրել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ապագայի մասին.
«Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Սա նորություն էր հատկապես Վահրամ Բաղդասարյանի համար, ինքը լավ է հիշում, որ Ծառուկյանն անձամբ հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից.
«Ես չգիտեմ՝ Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է թե՝ չէ, մեզ մոտ չի փոխվել, Գագիկ Ծառուկյանի հետ շփումներից չեմ նկատում, որ ինչ-որ բան է փոխվել: Նա խոսքի մարդ է», ասում է նա:
«Հավատալը… Գիտե՞ք, էդ էն տեղը չի, որտեղ վարչապետը հավատա կամ չհավատա»,- ընդգծում է Արմեն Ռուստամյանը։