Դեռ երկու օր է, ինչ ծանոթացել եք երկրի տնտեսությանն ու այդ կարծիքին եք, բա որ մի ամիս ուսումնասիրեք
«Մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ՝ ծանր է, շատ ծանր է: Չափազանց ծանր է»,- ասել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հազիվ մեկը, այն էլ այդ կալիբրի պաշտոնյա, խոսեց ազնիվ ու պարզ, ասաց այն, ինչն իրականություն է, ինչը կարևոր ու ճիշտ է:
Այո՛, պարո՛ն Կարապետյան, մեր տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է հայտնվել ու դեռ լավ է, որ 8 տարի հետո մեկը գտնվեց և իրերն իրենց անունով կոչեց, հուսամ հետագայում Ձեր ազնվությունը կպահպանեք:
Բայց դուք դեռ երկու օր է, ինչ ծանոթացել եք երկրի տնտեսությանն ու այդ եզրահանգմանն եք եկել, բա որ մի ամիս ուսումնասիրեք ի՞նչ կասեք: Հիմա հասկանում եք մեզ՝ «գաղջ» մթնոլորտ ստեղծողներիս կյանքն ինչու է այդքան «ծանրացել», ինչու են մարդիկ արտագաղթում, թե ինչու «Սասնա ծռերն» այդ քայլին դիմեցին...
Հիմա անցնեք նրան, թե ինչու է տնտեսությունը խայտառակ վիճակում հայտնվել: Եկեք Սերժ Սարգսյաին հարցնենք, բա ինքն այդ 8 տարիներին ինչո՞վ է զբաղված, եթե չի հետևել և պատժել տնտեսությունը խայտառակ վիճակի հասցնողներին:
Ես էլ իմ հերթին անկեղծ, բաց ասում եմ՝ այս իրավիճակի պատասխանատուն և մեղավորը Սերժ Սարգսյանն է, քանի որ 8 տարի շարունակ չի վերահսկել կառավարության գործունեությունը և չի հետաքրքրվել երկրի տնտեսական թվերով, նրան թվացել է, որ բոլոր մարդիկ ապրում են իր պես՝ ցոպ ու շվայտ կյանքով, բոլորը գոհ են երկրի կառավարությունից, այնքան գոհ են, որ արտագաղթում են՝ բիզնես «դնելու» և զարգացնելու համար:
Նա երբեք չի հետաքրքրվել, թե իր երկրի քաղաքացին ինչպես է ապրում, ինչ խնդիրներ ունի, ինչու է հայ ընտանիքներում գոնե մեկ, իսկ այս տարի արդեն երկու և ավելի հոգի հեռանում երկրից: Չէ, Սերժ Ազատիչը միայն կարող է մարդկանց հետ շփվելուց խոսել «խիարը թարս բուսնելու» մասին: Այ եթե նա հասկանար, թե ինչու է մեր երկրում «խիարը թարս բուսնում», գուցե նման տնտեսական ծանր հարված չունենայինք:
Ամեն դեպքում, նորանշանակ վարչապետին ծով համբերություն եմ մաղթում, եթե, իհարկե, մի քանի ամսից տնտեսության ծանր բեռից հրաժարական չտա:
Սաթեն Մանասյանի ՖԲ էջից