Թող մարդիկ կարդան ու իմանան, թե որքան երազկոտ տղա է Աշոտյանը
2016-09-17 20:21:00
ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն ինչ նախկին է դարձել, սկսել է միայն երազել, քանի որ հիմա երազանքներն իրականացնելու սահմանները նրա համար նեղացել են: Եվ այս սակավ հնարավորությունների պայմաններում նրան ուրիշ ոչինչ չի մնում, քան սեփական ցանկությունները կիսել մեծ լսարանների հետ: Թող մարդիկ կարդան ու իմանան, թե որքան երազկոտ տղա է Աշոտյանը:
Ահա դրանցից մեկն էլ նա այսօր հանձնել է ֆեյսբուքյան էջին:
Այնտեղ ասվում է. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ ուզում եմ, որ Հայաստանի Անկախության 25-ամյակի ռազմական շքերթին միասին ներկա լինեն Հայաստանի բոլոր երեք նախագահները»:
Բարի ցանկություն է:
 Հավանաբար շատերը կուզեին նույնը տեսնել: Միայն թե Աշոտյանի պարագայում այս եռամիասնության պատկերը փոքր-ինչ այլ կերպ է դիտվում: Եթե նախկին նախարարը դեռ հիշողությունը լիովին չի կորցրել, ապա պիտի մտաբերի, որ տարիներ շարունակ սուր քննադատության է ենթարկել նախկին երկու նախագահներին (հարկ է հիշել, որ էլիտար հարսանիքներից մեկի ժամանակ, որին հրավիրված են եղել նաև մեծն Աշոտյանն ու երկրորդ նախագահը, նա խնդրել է իրեն նստեցնել Քոչարյանից հնարավորինս հեռու, որպեսզի չտեսնի նրան): Որքան էլ նրա հրապարակային անդրադարձների մեջ ճշմարտության մասնաբաժին եղել է, այնուամենայնիվ, Աշոտյանը դա արել է ոչ թե հանուն ճշմարտության, այլ իշխանական պայքարի դիրքերից, այլապես հանուն ազնվության ու արդարության պիտի որ որոշ դիտողություններ էլ հասցեագրեր գործող նախագահին: Չէ՞ որ մեր երկրում հիմա բոլորովին էլ հեքիաթային պայմաններ չեն:
Եվ ահա այսպես Արմեն Աշոտյանը տևական ժամանակ հետևողականորեն անջրպետ է ստեղծել նախկին ու ներկա նախագահների մեջ զուտ քաղաքական կոնտեքստում, պարբերաբար ընդարձակել ու խորացրել է այդ անդունդը, իսկ հիմա հանկարծ ցանկացել է նրանց երեքին տեսնել կողք կողքի կանգնած, այսպես ասած՝ հանուն համազգային միասնության:
Աշոտյանին իրականում միասնությունն անհրաժեշտ չէ: Նրան գեղեցիկ ֆոն է պետք, պլակատի պես մի բան, քանի որ իր պատկերացումները թե՛ առաջներում, թե՛ հիմա այդ պլակատային իրականությունից այն կողմ չեն անցել:
 Արտաքին ձևի պաշտամունքը և բուն բովանդակության մերժումը հենց այն խոցելի կետն են, որով վարակված են մեր չինովնիկները: Իսկ արդյունքում ունեցել ենք մռայլ երկիր և գունազարդ պաստառներ:
shame.am
Այս նյութը դիտել են - 6492 անգամ