Հիշեցնենք, որ 2015 թ. սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանի հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների միջև ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր: Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում ասել էր, որ չի հավատում ԱրծվիկՄինասյանի խոսքերին: Սեպտեմբերի 16-ին ՀՅԴ–ական պատգամավոր Արմեն Ռուստամյանըպատասխանել էր նրան՝ խորհուրդ տալով զերծ մնալ այդպիսի բառապաշար օգտագործելուց:Ինչպե՞ս կբացատրեք Կարեն Կարապետյան – ՀՅԴ լարվածությունը: Կարո՞ղ է արդյոք ՀՀԿ – ՀՅԴկոալիցիան և Կարեն Կարապետյանի հանրապետական չլինելը պատճառ լինել:
-Իհարկե, երկխոսության սղագրությունը կարդալով՝ միանշանակ կարծիք է ձևավորվում, որ նման հակասություն կա և որ կոնֆլիկտ է տեղի ունեցել, բայց դիտեք տեսագրությունը և կարծիքը կփոխվի: Ես հակված չեմ այդ զրույցից մեծ հետևություններ անել: Բացառված չէ, որ նոր վարչապետը փորձում է աշխարհի այս հատվածում ընդունված տրադիցիայի համաձայն ցուցադրել իր ուժը, վճռականությունը և կտրուկությունը: Բայց ակնհայտ թշնամանք կամ մեծ հակակրանք կենդանի շփումից չի զգացվում:
Ակնհայտ է, որ Արծվիկ Մինասյանն այդ զրույցի տոնից դժգոհ էր, բայց դա նույնպես հասկանալի է: Պետք է փորձել տեսնել լայն պատկերը: Իսկ լայն պատկերն այն է, որ այս վարչապետն ուզի-չուզի՝ աշխատելու է ՀՅԴ-ի հետ: Այդ կուսակցությունը չի գնացել կոալիցիայի, որ առաջին փոխված վարչապետից նեղանա և դուրս գա, իսկ վարչապետից վեր կանգնած իշխանությունն էլ չի հրավիրել ՀՅԴ-ին կոալիցիա, որ ամեն նոր վարչապետի թույլ տա ՀՅԴ-ի հետ վարվել այնպես՝ ինչպես ցանկանում է:
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ամուսնացել են՝ հաշվարկելով շահերը և ոչ՝ սիրուց ելնելով, հետևաբար այդ շահերն էլ առայժմ կենդանի կպահեն այդ անհարմար ամուսնությունը: Ապահարզան, անշուշտ կլինի, բայց հիմա հաստատ այդ պահը չէ: Այնպես որ չարժե կենտրոնանալ թե ով ինչ ասաց և ով՝ ինչ պատասխանեց: Դրանք քամու պես թեթև և անիմաստ իրադարձություններ են:
-Ռուստամյանը նաև նշել էր.«Եթե կառավարության կաբինետում փոփոխություն լինի, մենք դրանումողբերգություն չենք տեսնում»: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ-որ պայմանավորվածություններ արդեննշմարվում է:
-Դա նշանակում է, որ եթե առանձին նախարարների հանդեպ Կարապետյանն առանձնակի բացասական դիրքորոշում ունենա՝ բացառված չէ, որ ՀՅԴ-ն նրանց փոխարինի այլ դաշնակցականներով: Օրինակ՝ հայտնի է, որ Դավիթ Լոքյանը նախկին վարչապետի մտերիմ ընկերն էր, ասում են՝ նաև նարդու խաղընկերը և ընդհանրապես կառավարություն վերադարձավ նախկին վարչապետի ջանքերով: Հիմա եթե, օրինակ, Կարապետյանը չցանկանա նրա հետ աշխատել՝ ՀՅԴ-ն, փաստորեն ակնկարկում է, որ դրանից մեծ խնդիր չի առաջանա: Պարզապես անցանկալի նախարարին կփոխարինեն ընդունելիով: Այդ հայտարարությամբ ՀՅԴ-ն ուղղակի հաղորդագրություն է հղում, որ պետք չէ ավելորդ լարում մտցնել: Ամեն դեպքում կոնսենսուս կգտնվի: