Հե~յ, Հայաստա՛ն, լսու՞մ ես նռան ճաքելու ձայնը, կռունկներիդ տունդարձի աղաղակները...2016-09-19 10:58:00
Հայաստանի անկախության տոնին ընդառաջ` 11-րդ դասարանում առաջարկեցի ստեղծագործական շարադրություն գրել: Ուշադրությանս արժանացավ այս մեկը, որ գրված էր շատ սրտանց, հյութեղ ու ազնիվ պոռթկումով. «Հե~յ, Հայաստա՛ն, ես եմ` քո դուստրը, տե՛ս, ազատ ճախրում եմ` քո անկախությունից թևեր առած, զգում եմ արևիդ ջերմությունը, ճախրում եմ` երգելով հաղթանակներիդ, սիրուդ ու ռազմիդ երգերը: Լսու՞մ ես նռան ճաքելու ձայնը, կռունկներիդ տունդարձի աղաղակները, տե՛ս, աշխարհի բոլոր կողմերում զուռնա են փչում, դհոլ զարկում, զավակներդ քոչարի են պարում: Քո մեջ ինչքա~ն թախիծ ու ցավ, սեր ու կարոտ, երգ ու պար կան, և գույնե~ր, շատ գույնե~ն կան անվանդ մեջ: Որքա~ն հավատք ու աղոթք... Այդ հավատքից, սիրուց, գույներից ծնվեցի ես, և ո՞վ գիտի քո գաղտնիքներն այնպես, ինչպես` ես, որ արբում է քո բուրմունքից և ապրում` ապրեցնելով քեզ: Այդ ես եմ, քո պես խենթ ու խելառ, փոքրիկ, բայց մեծ, նրբանկատ ու համառ` հարատև ապրելու ուժով ու կամքով զինված»:
Հիացմունքով կարդացի Քրիստինե Մարդոյանի տողերը, ես մտովի Հայաստանի դստեր հետ եմ, որ սովորում է Արցախի սահմանամերձ բնակավայրի մի դպրոցում, որտեղ ապրիլյան պատերազմի հետքեր կան, ցավալի ապրումներ, սարսափ կա մեծ, որ մնաց սերնդի հոգում, ու ազնիվ մղումով այս օրերին նստած դպրոցական նատարանին` հարատև խաղաղության հույսի ակնկալիքով այդ սերունդը սերտում է ամեն օր հայրենասիրության դասը. «Գիտեմ, որ քո անթեղված հոգում ցավ կա, ես էլ ցավում եմ բոլոր երեխաների համար, ովքեր ծնողի գուրգուրանք չեն տեսել, հավատա՛, ողբում եմ այն բոլոր զինվորների համար, ովքեր իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կիսատ թողեցին, ամաչում եմ նրանց համար, ովքեր աշխատելու փոխարեն գողանում են, սիրելու փոխարեն` ատում, ավելի լավը դառնալու փոխարեն բամբասում են: Ինձ պինդ պահի՛ր քո գրկում, ես քո շարունակությունն եմ, մեր սրտերը նույն երաժշտությամբ են բաբախում, նույն երազանքները, նույն կարոտներն ու մտքերն են թոթովում: Միշտ բարձր պահի՛ր գլուխդ, Հայաստա՛ն, քո զավակները ապրում, պայքարում և հաղթանակներ են կռում քեզ համար»:
Հաջորդ դասաժամին մի նոր հայացքով նայում եմ իմ աշակերտուհուն, նա լուռ է, հանգիստ, բայց նաև` շատ անկեղծ, տողերն էլ գրված են ի սրտե, տողերում սերունդն է խոսում...Դա ինքն է, իր հարազատ քույրը, որ սատարեց իրեն ստեղծագործելու, դա մի ամբողջ սերունդ է, որ իրեն մայր Հայաստանի զավակն է համարում. «Քարքարոտ իմ երկի՛ր Հայաստան, ես գիտեմ և՛ կռվել, և՛կրակել, գիտեմ մեռնելու և ապրելու գինը: Իմ սիրտը քո սրտի մեջ է բաբախում: Ժպտա՛, շողշողա՛ ծիրանագույն արևի շողերի մեջ, ամու՛ր պահիր մեզ քո գրկում, շշնջա՛ հայի աղոթքը: Ես քո դուստրն եմ, մա՛յր Հայաստան, քո թռիչքի թևերը, եռագույնդ ծածանողը, կարպետիդ գույնզգույն թելերը, երգիդ հնչյունները և ամեն, ամեն ինչը»:
Ինչքա~ն լավ է, որ սերունդն է լեզու առած խոսում մայր Հայաստանի գրկում, սերունդ, որ գիտի մեռնելու և հարություն առնելու գինը, սերունդ, որ յուրաքանչյուր քայլը գիտակցելով` իր ուսերին առած տանում է հայրենիքի արևաշող գալիքը:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 7438 անգամ