Հայաստանը տարածքներ է զիջում Վրաստանին...
2015-12-28 11:30:00
Հայաստանը տարածքներ է զիջում Վրաստանին

Օսկան Քոչարյան

 

Ցանկացած պետությունների միջև սահման կա: Ընդ որում՝ մեկ պետությունից մյուսն ուղևորվելիս անցնում ես չեզոք գոտու միջով: Չեզոք գոտին տարածք է, որը չի պատկանում սահմանակից երկրներից և ոչ մեկին: Ամբողջ աշխարհում է այդպես, սակայն պարզվում է՝ ոչ հայ-վրացական սահմանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հայ-վրացական սահմանի չեզոք գոտու վերահսկողությունը ստանձնել է վրացական կողմը, և քաղաքացին, անցնելով Հայաստանի սահմանակետը, անմիջապես հայտնվում է Վրաստանում՝ չհասնելով վրացական սահմանակետին: Զավեշտալին այն է, որ չեզոք գոտին գտնվում է վրացական իրավապահ մարմինների ներկայացուցիչների հսկողության ներքո, և շատ անգամ Հայաստանից դուրս եկած, սակայն Վրաստան մուտք չգործած անձն իրավական հարկադրանքի միջոցների է ենթարկվում վրացական օրենքներով:


Այսպես, Հայաստանի քաղաքացին իր ավտոմեքենայով դուրս է եկել Հայաստանից: Վրաստանի սահմանային անցակետ չհասած, այսինքն՝ դեռ Վրաստան չմտած, նրա վարած ավտոմեքենան կանգնեցվել է Վրաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից, և նա տուգանվել է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն: Սկզբունքորեն, քաղաքացին, ընդունելով իրավախախտման բուն փաստը (առանց ամրակապվելու երթևեկելը), վիճարկել է որպես իրավախախտման վայր Վրաստանի ոստիկանների իրավախախտման արձանագրությունում նշված տեղանքի՝ որպես Վրաստանի Հանրապետություն նշած լինելու հանգամանքը: Դա առավելևս տրամաբանական է, քանզի նա, դուրս գալով Հայաստանից, այնուամենայնիվ, չէր մտել Վրաստանի տարածք: Քաղաքացին վրացի ոստիկաններին ներկայացրել է անձնագիրը, որում Վրաստանի սահմանային անցակետն անցած չլինելու մասին անհերքելի ապացույց կար՝ բացակայում էր սահմանային անցակետի կնիքը:

  Այդ հանգամանքը ևս չխանգարեց ոստիկաններին, և քաղաքացին տուգանվեց: Իրավախախտման մասին արձանագրությունում էլ որպես իրավախախտում կատարելու վայր նշվեց Վրաստանի Հանրապետությունը: Փաստորեն, ըստ վրացի իրավապահների, Հայաստանի և Վրաստանի միջև ընկած չեզոք գոտին Վրաստանինն է, և վերջ: Հայաստանի քաղաքացու բազմաթիվ գրությունները Վրաստանի պատկան մարմիններին անպատասխան են մնացել, և նա որոշել է դիմել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի այն իր հերթին, օգտագործելով միջպետական խողովակները, պարզաբանի տեղի ունեցածը՝ թյուրիմացաբար կարծելով, թե ՀՀ քաղաքացու հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը:

Մենք, իհարկե գիտեինք, որ դա այդպես չէ և անպայման կկիսվեինք մեր այդ գիտելիքներով, սակայն քաղաքացին նախընտրել է պարզաբանում ստանալ ոչ թե մեզանից, այլ արտաքին գործերի նախարարությունից: Ի պատասխան բազմաթիվ հարցումների, ՀՀ ԱԳՆ-ից քաղաքացուն հորդորում են, այնուամենայնիվ, վճարել չեզոք գոտում արձանագրված իրավախախտմամբ նախատեսված գումարը: Եվ ի՞նչ: Ստացվեց, որ ՀՀ-ն ոչ թե Հայաստանի քաղաքացու, այլ Վրաստանի Հանրապետության հովանավորն է: Բացի այդ, եթե հայ-վրացական սահմանի չեզոք գոտում վրացի իրավապահներն անարգել գործունեություն են իրականացնում, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աչք է փակում այդ երևույթի վրա, ապա դա մեկ բան կարող է նշանակել՝ Հայաստանը Վրաստանին զիջել է հայ-վրացական սահմանի չեզոք գոտին, ասել է թե՝ Հայաստանի մի մասը: Իսկ թե ինչ պայմաններից ելնելով է դա կատարել` մեզ առայժմ անհայտ է, սակայն պարզ է, որ Էդվարդ Նալբանդյանը միայնակ տարածքների զիջման մասին որոշում չէր կարող կայացնել: Այնուամենայնիվ, նա գործարքից փայ ստացած կլինի: Եվ քանի որ նա սիրում է ճանապարհորդել, այն էլ՝ կնոջ հետ ու պետության հաշվին, կարելի է ենթադրել, որ հայ-վրացական սահմանի չեզոք գոտու տարածքների զիջման հաշվին Նալբանդյանների ամուսնական զույգն ընդմիշտ ապահովված կլինի անվճար ավիատոմսերով:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1633 անգամ