Անդյան Պարլամենտը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
2016-09-20 00:44:00
Սեպտեմբերի 17-ին Անդյան խորհրդարանը` Անդյան համայնքը կառավարող ու վերահսկող մարմինը՝ հաստատված Չիլիի, Բոլիվիայի, Պերուի, Էկվադորի և Կոլումբիայի կողմից, Մոնտեվիդեոյում կայացած նիստի ժամանակ միաձայն ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Նախագիծը ներկայացվել էր Պեդրո դե լա Կրուզի կողմից, ով Անդյան Պարլամենտի անդամն է՝ Էկվադորը ներկայացնող:
Ստորև ներկայացված է ելույթի տեքստը.
«2016թ. ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 101 տարելիցը, որն իրականացրել էր Օսմանյան Կասրությունը 1915-1923թթ.՝ վարելով հայ ժողովրդի ձերբակալման և տեղահանության, հետագայում նաև սպանության քաղաքականություն Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում, ինչին զոհ գնացին ավելի քան 1,5 միլիոն հայ:
Հոդված 1. Դատապարտել միջազգային հանցագործությունները, մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները, ցեղասպանություններն ու ագրեսիայի ցանկացած դրսևորում, որը կկիրառվի այլ ժողովուրդների և համայնքների դեմ:
Հոդված 2. Ճանաչել Օսմանյան Կայսրության կողմից 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունը, դրսևորել համերաշխություն հայ ժողովրդի և նրանց հետնորդների հանդեպ, դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու հայ ազգի կրած հանցագործությունները ժխտող ցանկացած քաղաքականություն:
Հոդված 3. Կոչ անել միջազգային հանրությանը՝ ընդառաջ գնալ Միավորված ազգերի կողմից ընդունված «Պարտավոր ենք պաշտպանել» խորագրին, որը ձգտում է պաշտպանել քաղաքացիներին մարդկության դեմ իրականացվող հանցագործություններից, ցեղասպանություններից ու մարդու իրավունքների բոլոր տեսակի լուրջ խախտումներից, ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխել տարբեր համայնքների, ժողովուրդների ու ազգերի հանդեպ իրագործվող վայրագություններն ու բռնությունները:
Նմանապես, խնդրել միջազգային հանրությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի կրած չարչարանքները՝ որպես պատմական փաստ, և աջակցել արդարության ու ճշտի հաստատմանը՝ այս կերպ արտահայտելով բոլոր տեսակի հանցագործությունների հանդեպ մարդկության բողոքը»:
Բանաձևը ստորագրված է կազմակերպության նախագահի՝ Էդիտ Մենդոսա Ֆերնանդեսի, ինչպես նաև գլխավոր քարտուղարի՝ Էդուարդո Չիլիկինգա Մասոնի կողմից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը Էկվադորում հանդիպում էր ունեցել Անդյան խորհրդարանի անդամ Պեդրո դե լա Կրուզի հետ, որի ընթացքում խոսել էին Հայոց ցեղասպանությունն ու բոլոր տեսակի ցեղասպանությունները դատապարտելու, ինչպես նաև մոտակա օրերին Անդյան խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը քննարկելու մասին:
Մանրամասները՝ http://newsecuador.ec/one_news.php?id=3940
Այս նյութը դիտել են - 4056 անգամ