Միքայել Հայրապետյանն ինչպես եղել, այնպես էլ մնացել է շարքային մուտիլովշիկ....
2015-12-28 11:50:00


Ամանորի տոների առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի անձնական փոստն այս օրերին կարող է առատ լինել: Եվ, անշուշտ, կգտնվեն մարդիկ, որոնք պարոն դեսպանին ուրախություն կպատճառեն, մինչդեռ զվարճանք պատճառելու հավակնորդների թիվը հազիվ թե այնքան առատ լինի, որքան դեսպանը կցանկանար: Սակայն Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետեանն այդ հանգամանքը հաշվի չի առել:

 Հայրապետեանն այնքան է համոզված, որ ամերիկացի դեսպանի աչքը ջուր կտրեց իր նամակին սպասելով, որ նույնիսկ երկրի իշխանավորներից ու քաղաքական գործիչներից առաջ ընկնելով՝ մի սրտաճմլիկ տոնական ուղերձ է հղել Միլսին, ուր ասվում է. «Ձերդ գերազանցություն, մեծարգո արտակարգ և լիազոր դեսպան, Պատիվ ունեմ Հայաստանի պահպանողականների անունից ի դեմս Ձեզ շնորհավորելու և բարեմաղթելու մեր երկրի իրական դաշնակից ԱՄՆ ժողովրդին՝ Սուրբ ծննդյան և Ամանորի առթիվ: Լիահույս ենք, որ ստեղծված վտանգավոր իրավիճակում ամերիկա-հայկական հարաբերությունները չեն ենթարկվի փորձության, և ԱՄՆ-ն կշարունակի իրեն հատուկ իմաստնությամբ տարբերել ՀՀ վերնախավն ու Հայաստանի առաքինի ժողովրդին: Շնորհակալ ենք մեր անկախության տարիներին ԱՄՆ-ի անշահախնդիր և մեծ օժանդակության համար: Վստահ ենք, որ հետայսու ևս ԱՄՆ-ն կմնա մեր տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը: Թող Աստված պահպանի Միացյալ Նահանգները»:

Մենք պահպանողական առաջնորդի հեռագիրը մեջբերեցինք ամբողջությամբ, որպեսզի ավելի ակնհայտ լինի նրա հավակնությունների ու սեփական անձի գերագնահատման ծավալները: Այն, որ Հայրապետեանն իրեն համարում է Միլսի քաշային կարգի, սա մի կերպ կմարսենք: Այն, որ Հայրապետեանն իրեն ժողովրդի առաքինի հատվածից է ներկայացնում, սա էլ է մարսելի: Մեծ դժվարությամբ, բայց կարելի է նույնիսկ շրջանցել նրա օճառային նկարագիրը, որի փրփուրներից իրեն հարգող յուրաքանչյուր մարդու աչքերը կմրմռան: Բայց որ պահպանողական Հայրապետեանը Միլսից անուղղակիորեն ինչ-որ բան է մուրում, այս մեկն արդեն նույնիսկ դեսպանը մարսել չի կարող:

Չի կարող թեկուզ և այն պարզ պատճառով, որ Միքայել Հայրապետեանն արդեն տևական ժամանակ է, ինչ կրում է մեկ այլ դիմակ՝ երդվյալ իրանամետի դիմակը: Լինել իրանամետ՝ նույնն է թե որդեգրել հակաամերկյան կեցվածք և շահերի բախման այդ վտանգավոր եզրագծի վրա հստակ ընտրություն կատարել:

Սակայն Միքայելի ինչի՞ն է պետք կողմնորոշումը: Ամիսներ առաջ նա պարսիկներին էր հեռագրում՝ գրելով, թե. «Պահպանողական կուսակցությունը ցնծությամբ ողջունում է մեր երկրի բնական դաշնակից Իրանի Իսլամական Հանրապետության...» և այլն, և այլն, այսօր ամերիկացիներին կգրի. «Բարեմաղթելով մեր երկրի իրական դաշնակից ԱՄՆ ժողովրդին...» և այլն, և այլն..

Չէ, Միքայել Հայրապետեանը պահպանողական չէ: Նա կամ ինտերնացոնալիստ է, կամ էլ կոսմոպոլիտ, թեև ծանոթները շարունակում են համառորեն պնդել, որ Հայրապետեանն ինչպես եղել, այնպես էլ մնացել է շարքային մուտիլովշիկ:

 
Shame.am
Այս նյութը դիտել են - 1868 անգամ