Անկախությունը մեր ազգին նվեր չէ, երկնային մանանա չէ ու օրհնության որևէ ծանոթ տեսակ էլ չէ...
2016-09-21 01:33:00

Հիշում եմ, շատ տարիներ առաջ, Խորհրդային Միության փլուզման ժամանակներում, մի սատիրային տեսահոլովակ նկարահանվեց, որի սյուժեն սովետական տոտալիտարիզմի բնորոշիչներից մեկի՝ հարմարվողականության քննադատությանն էր ուղղված: Ինչ որ կոլեկտիվի ժողովում միանձնյա ԿՈՂՄ քվեարկած կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ ժողովի սենյակից դուրս գալուց արդարանում էր. «իսկ ի՞նչ կարող էի ես անել միայնակ»: Ընդ որում, այդ տեքստը վանկարկողների շարքը գնալով խտանում էր, դրանք դառնում էին տասնյակներ, հարյուրավորներ, հազարավորներ, լցնում էին ամբողջ փողոցներ ու հրապարակներ...

Եվ հիմա, անկախության նախորդ տարիներին և նաև մեր օրերում, երբ լսվում են լալահառաչ տրտունջներ, թե ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԷ, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ, ԻՆՁՆԻՑ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ ՉԷ, ԵԹԵ ԲԱՆ ՉՓՈԽՎԻ՜ ԿԳՆԱՄ ԵՐԿՐԻՑ, ակնհայտ է դառնում ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ գիտակցության ոչ լիարժեք ընկալումը:

Անկախությունը մեր ազգին նվեր չէ, երկնային մանանա չէ ու օրհնության որևէ ծանոթ տեսակ էլ չէ… Ինչպես մեր երրորդ հանրապետության առաջին նախագահը կասեր. «... չպետք է մտածել, թե մենք ծաղիկներով, թմբուկներով, սրինգներով և փողերով պետք է նվաճենք այդ անկախությունը։ Ոչ, անկախությունը տքնաջան աշխատանք է, վճռական պայքար, և, դժբախտաբար, ուղեկցվում է կորուստներով։ Առանց կորուստների, առանց զոհերի դեռևս աշխարհում ոչ մի ժողովուրդ ձեռք չի բերել իր ցանկալի անկախությունն ու ազատությունը»:

Արհավիրքների, սադրանքների, վերելքի ու վայրէջքի մի ամբողջ 25 տարի է անցել այն օրից, երբ միասնաբար ԱՅՈ ասացինք անկախությանը: Այս տարիների ընթացքում շատ բաների պակաս զգաց մեր ժողովուրդը, միայն քննադատության ու կասկածամտության պակաս չկար: Խոսքով տարվելու ու կարևորը բաց թողնելու բնավորությունը մեր նկարագրի մի մասն է ցավոք, և 25 տարվա մեջ ավելորդ ժամանակ շատ վատնեցինք ստեղծելու, նորացնելու, արարելու փոխարեն:

Արտաքին աշխարհին մեր երկրի տեղն ու նշանակությունը ցույց տալու լավագույն բանաձևը 25 տարի անց էլ դեռ չենք գտել, անկեղծ ասած հասկանալի էլ չէ, փնտրու՞մ ենք, թե դադարել ենք: Նորանկախ շատ երկրների նման կայուն ու լսելի ձայն ունենալու մեր ուղեցույցներն էլ դեռ գրվում ու խմբագրվում են… Բայց չմոռանանք, որ մենք տարբերվում ենք աշխարհից դժբախտության ու փորձանքի դեպքում համախմբվելու ֆանտաստիկ ֆենոմենով, հայրենասիրությունը փորձարկող ցանկացած առիթով՝ արձագանքման կայծակնային արագությամբ:

Մենք ներում ենք ու մոռանում բոլոր հիասթափությունները և ձեռք ենք մեկնում իրար: Ժամանակավորապես դադարեցնում ենք 2 հայրենիքի՝ հայաստանցի ու արցախցի լինելու մեր կերտած արգելապատնեշներն ու դրանցով կամուրջ գցում՝ նետվելով կյանքեր փրկելու: Զարմանալ կարելի է, թե ինչպես է արցախցին իր հացի բերքի առատությունը կիսում կարկուտներից ձեռնունայն մնացած հայաստանցու հետ, ով առանց վարանելու իր վերջին ունեցվածքից բաժին էր հանել քառօրյա պատերազմի սպիները բուժելու համար: 
Երկրի անկախությունը նրա մարդկանց ներքին անկախությունն է: Դա ոչ միայն ազատության գիտակցումն է, այլև, ինչն ավելի էական է՝ յուրաքանչյուրի պատասխանատվության զգացողությունն այդ անկախության համար:

Դժվարություններն անցողիկ են, մեր տունը, քաղաքը, հողն ու ժողովուրդ են մշտական: Տեր կանգնենք մեր ամենամեծ հարստությանը…


Հովհաննես Մանուկյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 4057 անգամ