«Սիրում եմ քեզ, Երեւա’ն, ինչպես... Դավիթին սիրում էր իրա ձին»
2016-09-21 09:59:00
Դիտարկում ՀՀ Անկախութան 25-ամյակի առիթով
«Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող հայրենիքի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր»: Ավելի քան 100 տարի առաջ Ավետիք Իսահակյանին գրած նամակում մորմոքվելու աստիճան վշտանում է Մեծ Լոռեցին: Հովհաննես Թումանյանին մտահոգում է խնդիրը, թե ինչու են հայերը սեւացնում սեփական հայրենիքը, երկիրը, բնակավայրը` նրա վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերելու փոխարեն: Իսկ հայրենիքի վերածնվող շունչը նախ զգացվում է այն ժամանակ, երբ սկսում են կառուցել կամ վերակառուցել երկիրը:
Անկախությունից հետո արդեն 25 տարի ոչ մի ոլորտ այնպես ակտիվորեն չզարգացավ, որքան դա հաջողվեց քաղաքաշինության ոլորտին: Այստեղ տեսանք զարգացում, ինչու ոչ` ճարտարապետական մտքի թռիչք, անսպասելի ու զարմանալի մտահղացումների իրականացում. կառուցվեցին ու վերակառուցվեցին ճանապարհներ, դպրոցներ, մշակութային օջախներ, պողոտաներ, կամուրջներ: Երկրի, առավելապես` նրա մայրաքաղաքի տեսքը նորացավ ու թարմացվեց` խորհրդանշելով հայրենիքի վերածնունդն ու բացահայտելով նրա ստեղծագործական մտքի կարողությունները:
Բայց արի ու տես, որ հե՛նց շինարարության եւ քաղաքաշինության ոլորտն ամենաշատը քարկոծվեց: Ինչպես ասում են` «Շատ աշխատողին` շալե շապիկ»: Այլ ոլորտներում, որտեղ առանձնապես նվաճումներ չեն արձանագրվել` դրանք հանգիստ թողեցին ու հարձակվեցին նախագծող-կառուցող-քաղաքաշինարարների վրա:
Ստեղծագործական բոլոր միություններն այժմ էլ շարունակում են պաշտպանել իրենց ասպարեզներում ստեղծագործողներին, ասենք՝ նկարիչների միությունն իր անդամների գործերի անհատական ցուցահանդեսներն է բացում, գրողների միությունն՝ իր անդամ-տեղծագործողների նորահրատ գրքերը ներկայացնում, այն պարագայում, երբ հատուկենտ են այս բնագծերում ստեղծված արժեքներն անցած երկու տասնամյակներին, իսկ ահա Ճարտարապետների միության ղեկավարությունը հենց սկզբից «խաչակրաց արշավանք» սկսեց եռանդուն, գործունյա, ստեղծագործական գաղափարներով աչքի ընկնող ճարտարապետների դեմ: Զարմանալի բան: Տաղանդավոր ճարտարապետների նախագծերի իրականացումը, որով ավելի էր գեղեցկանում եւ հարստանում Երեւանը` ստեղծելով սոցիալ-տնտեսական զարգացման հստակ նախադրյալներ` հերթական անգամ դառնում էր հստակ խմբովորման աչքի փուշը:
Կարող էր, չէ՞, վերջինս գոնե մեկ անգամ քայլ անել՝ հանրությանը ներկայացնելով այս կամ այն ճարտարապետի ստեղծած նոր կառույցը: Բայց ոչ՝ այս կողմից հասարակությունն ականատես է եղել միայն մերժողական կեցվածքի: Դե, իսկ անընդունելի համարող եւ անգամ հերյուրանքներ պարունակող հայտարարությունների պակաս չեղավ, ի դեպ, հիմա էլ նույնն է գրեթե վիճակը: Պարապությունը, ապաշնորհությունը մի տեսակ կարծես խրախուսվում է և մասնագիտական խանդից այսօր էլ այս ու այն կողմից շարունակում են քար նետել աշխատող, ստեղծագործող մասնագետների եւ նրանց կատարած աշխատանքների վրա: Մյուս կողմից էլ՝ գրանտակերների ու բնապահպան կոչվածների շրջանակն է շահարկելով իրացման գոտու բնակիչների տրտունջ-բողոքները` շարունակում ընդդիմանալ ու զազախոսել ցանկացած նորակառույցի շահագործման փաստի դեմ:
Սրանք հանուն հերթական գրանտի ձեռբերման պատրաստ են սեւացնել ամեն ինչ, մի օրում դառնալ ճարտարապետ ու անհիմն հայտարարություններով օդը տատանել: Պարապ են, պարապ են մնացել մարդիկ: Իսկ պարապ մարդիկ ատում են ստեղծագործող-աշխատող մարդկանց: Բայց զարմանալին ու զավեշտալին այն է, որ Թումանյանի ասած՝ նույն այս «սրիկաները», «ապիկարներն» ու անտեղի աղմկող «խմբակներն» իրենց հանգիստն ու ժամանցն անցկացնում են ասենք, նույն Հյուսիսային պողոտայում, վայելում վերածնվող քաղաքի հաճելի անկյուններն ու տարածքները, որոնց դեմ ամեն օր «կենաց-մահու» կռիվ են տալիս, անիծում ու հայհոյում այդ ամենը կառուցող ու բարեկարգող ճարտարապետներին ու շինարարներին: Վստահ եմ, նույն կերպ՝ «Հին Երևան» ծրագիրն այսօր անխնա քարկոծողները՝ հետո վայելելու են հին քաղաքի կոլորիտը...
Երեւանի պատմության էջերը թերթելիս, տարբեր ժամանակահատվածներում միշտ էլ կգտնես չկամների ու պարապների այսպիսի խմբակների, որոնք, ասենք, սեւացնում էին մեծն Թամանյանի գործը, բողոքում գավառական գյուղաքաղաքից մայրաքաղաք կերտող ճարտարապետի ցանկացած մտահղացման դեմ. Անգամ օպերայի շենքի կառուցման դեմ են քայլեր ձեռնարկել: Բայց նույն այդ շրջանում մեր մեծագույն պոետներից մեկը` Չարենցը, զգալով վերածնվող երկրի շունչը, հիացմունքը չթաքցնելով գրում էր.
Ես սիրում եմ քեզ, Երեւա’ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում Դավիթին սիրում էր իրա ձին:
Սոնա Մելիքյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 4822 անգամ